Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ. Գաբրիել Բալայան
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը կապված է երկու կողմերում իրականացվող ինժեներական աշխատանքների հետ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Վերջին օրերին լարվածություն է նկատվում հայաստանյան սահմաններում և, ցավոք, ունենք զոհ և վիրավոր, սակայն հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել»,- նշեց Բալայանը և հավելեց, որ մանրամասներին չի կարող անդրադառնալ, քանի որ քրեական գործ է հարուցվել:
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված լարվածությունը, փոխնախարարը շեշտեց, որ որոշակի առումով պատճառը երկու կողմերում կատարվող ինժեներական աշխատանքներն են:
«Մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդն էլ իրենը: Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ»,- ասաց Բալայանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը ծառայությունն իրականացնում է այնպես, որպեսզի հակառակորդը չկարողանա դիրքային առավելություն ձեռք բերել:
Հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: