Բաժիններ՝

ՀՀ դեսպան Գևորգյանը Հորդանանի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնելու նպատակով հուլիսի 22-25-ը այցելել է Ամման։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳՆ գլխավոր քարտուղար Զեյդ ալ Լոզիի (Zaid al-Louzi), Սենատի՝ Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ուաջիհ Ուեյսի (Whajih Owais), արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Տարեկ Համմուրիի (Tariq Hammouri), միջնակարգ ու բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ուալիդ Սալեմ ալ Մաանիի (Walid al Maani), մշակույթի և երիտասարդության նախարար Մուհամմադ Աբու Ռումանի (Mohammad Abu Rumman), ինչպես նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի (Khalil Haj Tawfiq) հետ։

Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ՀՀԹ արդյունաբերության նախարար Տարեկ Համուրիի հետ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն աշխուժացնելու հեռանկարները։

Դեսպան Գևորգյանը առևտրաարդյունաբերական ոլորտում հայ-հորդանանյան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի հետ։ Զրուցակիցները պայմանավորվել են մշտական կապ պահպանել` անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակման նպատակով։

Կրթության նախարար Ուաջիհ Ուեյսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում առկա իրավապայմանագրային բազայի թարմացման և ընդլայնման անհրաժեշտությանը, ինչպես նաև փոխանակման ծրագրով սովորող հորդանանցի և հայ ուսանողների կենցաղի և ուսման պայմանների բարելավմանն առնչվող հարցերի։

Այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպել է նաև հորդանանահայ համայնքի ղեկավար կազմի հետ։ Ազգային իշխանության ներկայացուցիչների հետ ՀՀ դեսպանը քննարկել է համայնքի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները։

Տիգրան Գևորգյանը հանդիպել է նաև Հորդանանում միջպետական փոխանակման ծրագրի շրջանակներում սովորող հայ ուսանողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս