«Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, որ պետք է բոլորը համախմբվեն, և հնարավոր բոլոր ձևերով կանխվի այդ կոնվենցիայի վավերացումը». Դավիթ Սահակյանց
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: 168.am-ի հետ զրուցում նա նշեց, որ համամիտ է բոլոր այն գնահատականների հետ, որոնք հնչեցնում են մասնագետները, և տեսնում է բոլոր այն ռիսկերը, որոնք մատնանշում են նրանք. «Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, որ պետք է բոլորը համախմբվեն, և հնարավոր բոլոր ձևերով կանխվի այդ կոնվենցիայի վավերացումը, դա, կարծում եմ՝ յուրաքանչյուրիս գործն է»:
Հարցին, թե ի՞նչ ընթացք է ունեցել Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար կինոռեժիսորի գրած դիմումը, նա պատասխանեց. «Իմ պատկերացրածով, ըստ երևույթին, պետք է լինի նիստ, որում այս դիմումները պետք է հաստատվեն:
Անդամակցության տոմսն իրենց մոտ է: Տեղյակ չեմ կարգին։ Դիմումը ներկայացնելուց հետո ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել»։
Հիշեցնենք, որ Դ. Սահակյանցը որոշել էր դադարեցնել Կինեմատոգրաֆիստների միությանն իր անդամությունը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված և «Արծաթե ծիրան» մրցանակի արժանացած՝ տրանսգենդերի մասին պատմող (Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին») ֆիլմի ցուցադրության պատճառով:
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնել էր պատճառները՝ ասելով. «Փաստը, որը եղավ, մրցանակը, որը հանձնվեց մի փառատոնի անունից, որի փաստացի ղեկավարն է Հարություն Խաչատրյանը, ով նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է… Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում. իմ և մայրիկիս անունից գրեցի դիմում, ով 30 տարուց ավելի միության անդամ էր»:
Զարուհի Դիլանյան