Բորիս Ջոնսոնը դիտավորյալ է բախման գնում ԵՄ-ի հետ Brexit-ի առիթով. Իռլանդիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտավորյալ է բախման գնում Եվրամիության եւ Իռլանիդայի հետ Brexit-ի շուրջը, այդ մոտեցումը բնավ չի օգնում գործին: Հուլիսի 26-ին Բելֆաստում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել էԻռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Սայմոն Քոուվենին։
Իռլանդիայի դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է հուլիսի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ջոնսոնի ելույթը, որտեղ նա հերթական անգամ հայտարարել է Brexit-ի շուրջը համաձայնագրի տեքստից «բրեքստոպ» մեխանիզմը հանելու մտադրության մասին, որը երաշխավորում է թափանցիկ սահմանի պահպանումն Իռլադիայի հյուսիսի եւ հարավի միջեւ: Քոուվենին նշել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի մոտեցումը «բնավ չի օգնում գործին եւ չի կարող հանգեցնել համաձայնության»:
«Այնպիսի տպավորություն է, թե նա դիտավորյալ է բախման գնում Եվրամիության եւ Իռլանդիայի հետ Brexit-ի շուրջը բանակցային գործընթացում»,- ասել է Իռլանդիայի փոխվարչապետը: «Կարծում եմ՝ նա ի վճակի է պարզաբանելու պատճառը, ինչի համար դա անում է»,- շարունակել է Քոուվենին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: