«Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից առգրավվել են գործի հետ առնչություն չունեցող նյութեր». «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր
«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ, այնուհետև խուզարկություն կատարելու մասով, շատ կարևոր է, թե ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը բավարարել խուզարկության միջնորդությունը, քանի որ այդ խուզարկությունը վերաբերում էր ոչ թե մասնավոր անձի, այլ դատավորի։
«Քննիչը դատավորի աշխատասենյակում խուզարկություն է կատարել հետևյալ հիմնավորմամբ՝ հաշվի առնելով, որ կա քրեական հանցագործությունները բացահայտելու հանրային շահ, և հիպոթետիկ կերպով կարող են այնտեղ պահվել օրենքով արգելված իրեր և առարկաներ, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և իրեր, քննիչը միջնորդել է դատարանին թույլատրել խուզարկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ս. Սահակյանը։
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում իրավապահները տիրապետել են քրեական այնպիսի գործերի, որոնք որևէ առնչություն չունեն հարուցված գործի հետ, և այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ գործերը ոչ թե չիմանալով են վերցրել, այլ կրիչը տեղադրել են համակարգչի մեջ, կարդացել են տեղեկատվությունը և այն վերցրել։
Այս ամենը հաշվի առնելով՝ Սիրանուշ Սահակյանի համար հարց է առաջնում, որ, եթե խուզարկության իրական նպատակը հարուցված քրեական գործի համար նշանակություն ունեցող փաստեր ստանալն էր, ապա վարույթում գտնվող այլ գործերը վերցնելու նպատակը ո՞րն էր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան