
Նոր մանրամասներ որսագողության դեպքով

Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ:
Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի հարակից անտառում հանդիպել է անծանոթ երկու որսորդի, որոնց մոտ առկա սպանված այծյամի հետ ինքը և որդին լուսանկարվել են: Անծանոթ որսորդները նրան հայտնել են, որ այծյամին սպանել են իրենք՝ նույն անտառում:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 25-ին 45-ամյա վանաձորցին արդեն բացատրություն է տվել, որ 2015 թ. ամռանը Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող «Ձիարածի ուրթ» կոչվող հանդամասում իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով այծյամին սպանել է ինքը, որից հետո լուսանկարվել է:
Նախապատրաստվում են նյութեր: