
ԱՀ ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվելու է ամենամսյա պարգևավճար

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները դիմել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 1998 թ. իրենց որդին զորակոչվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել:
Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածում, և առկա է 2008 թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած:
Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ և պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար:
Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան:
Դիմումատուները խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված՝ օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից:
Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ և նյութեր: Գործի համակողմանի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում:
Այսպիսով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, և նրանց նշանակվել է ամենամսյա պարգևավճար՝ յուրաքանչյուրին 31-հազարական դրամի չափով: