Ինքնաթիռի հայկական անձնակազմին հաջողվեց մեկ շարժիչով անվտանգ վայրէջք կատարել
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ աջ շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք կատարած A320 ինքնաթիռի հրամանատարը կողմնորոշվել է արագ, իսկ անձնակազմը մեծ աշխատանք է տարել ուղևորների շրջանում խուճապ չստեղծվելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջադեպի մասին պատմեց «Air Moldova» ավիաընկերության հետ պայմանագրով աշխատող հայկական անձնակազմի հրամանատար Վարդան Սարգսյանը:
«Աջ շարժիչը խափանվեց, ես անմիջապես անջատեցի այն, օդում պտտվեցինք, նավթը վառեցինք, որ նորմալ թույլատրված վայրէջքի քաշն ապահովվի, պտտվելուց հետո վայրէջք կատարենք դարձյալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Ուղևորներին հաղորդեցի, որ թռիչքից հետո աջ շարժիչը խափանվել է, դա անջատել եմ, մի փոքր պետք է թռչենք, որ նավթը վառենք, նորմալ վայրէջքի քաշ ունենանք: Ուղևորները դրանից հետո հանգիստ են եղել, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել օդանավի սրահում: Նրանք ըմբռնմամբ մոտեցան, նորմալ իրավիճակ էր»,-պատմեց հրամանատարը:
Ինքնաթիռը մոտ 1 ժամ 40 րոպե պտույտներ է գործել քաղաքի վրա, հրամանատարը պարբերաբար տեղեկացրել է, որ պտտվում են, նավթն են վառում, երբ պատրաստվեն վայրէջքի, ինքը տեղյակ կպահի ուղևորներին: Ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել:
Հարցին, թե արդյոք դժգոհություն հայտնողներ չե՞ն եղել, հրամանատարը պատասխանեց՝ ուղևորները դուրս են եկել հանգիստ, ավելին՝ շնորհակալություն են հայտնել ու գնացել, ոչ ոք դժգոհություն չի արտահայտել: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ուղևորներին՝ ըմբռնմամբ մոտենալու համար:
Այդ ընթացքում ինքնաթիռում մեծ աշխատանք է կատարել անձնակազմը, որ ուղևորների շրջանում խուճապ չառաջանա: Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր, նրանցից ոչ ոք հետո բժշկի չի դիմել: Նրանք նույնը օրը տեղափոխվել են Մոլդովա:
Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց անձնակազմին՝ հանձինս երկրորդ օդաչու Ալեքսեյ Մուսայելյանի, Սաթենիկ Հարությունյանի, Ասպրամ Չատինյանի, Հայկ Այվազյանի և մոլդավուհի Նիկոլետա Բարդուի:
Հարցին, թե ինչպես է կողմնորոշվել այդ բարդ իրավիճակում, Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ավելի քան 40 տարի է, ինչ օդաչու է, իսկ 2004-ից A320-ի հրամանատար է: Նա նշեց, որ մինչ այս իր հետ նման դեպք չէր պատահել:
Ինքնաթիռը շահագործվել է «Air Moldova» ավիաընկերության կողմից: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: