Կադրային «բարեփոխումներ»՝ Քրեակատարողական ծառայությունում

Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանի նշանակվելուց հետո կադրային «բարեփոխումների» ալիքը, Ծառայության վարչական շենքում կատարվող փոփոխությունների հետ միաժամանակ, հասավ քրեակատարողական հիմնարկներ։

Այսպես, 168.amի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետեր Էդուարդ Գրիգորյանն ու Վարուժան Եղիազարյանը։ Վերջինս աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

Պետք է նշել, որ երկու պետերն էլ պաշտոնավարում են շատ կարճ ժամանակ, համակարգում համարվում են ամենափորձառու և անկաշառ ծառայողներից։ Թե ինչու նոր ղեկավարությունը չի ցանկացել աշխատել նրանց հետ, կփորձենք հասկանալ առաջիկայում։

Վարուժան Եղիազարյանն առհասարակ համակարգում «շտապ օգնության» համբավ ուներ։ Փոխարինում էր արձակուրդ մեկնած, աշխատանքից ազատված հիմնարկների պետերին մինչև նոր նշանակում։ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  «Արմավիր» ՔԿՀ-ի հետ կապված հայտնի բացահայտումից հետո վերջինս աշխատանքից ազատված Խաչիկ Հարությունյանի փոխարեն նշանակվեց «Արմավիր» ՔԿՀ պետ։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ վերջինս աշխատանքից ազատման դիմում գրեց հենց այս պահին, երբ թոշակի անցնելուն մնում էր մեկ տարի։

Ինչևէ, մեր տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ է նշանակվել համակարգում շատ հայտնի Գերասիմ Գևորգյանը, ով արդեն բավականին վաղուց չի աշխատում քրեակատարողական համակարգում։

«Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվել է Սամվել Մկրտչյանը՝ նախկին ոստիկան, ներքին զորքերում հայտնի հրամանատար «Թայֆուն Համոյի» որդին։

Քրեակատարողական ծառայության կադրային «բարեփոխումներին» անդրադառնալու առիթ առաջիկայում, կարծում եմ, դեռ կունենանք։

Տեսանյութեր

Լրահոս