«Ես դիտեցի մի քիչ հենց ամենասկզբից, չէի կարողանում հավատալ այն բանին, ինչ լսում էի». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ամբողջությամբ դիտել ԱՄՆ-ի Կոնգրեսում նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթը: Հուլիսի 25-ին այդ մասին նա պատմել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հուլիսի 24-ին Մյուլլերը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում եւ հետախուզության կոմիտեում կայացած ունկնդրումներում, որոնք նվիրված էին 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի միջամտությանը վերագրվող հանգամանքների՝ նրա կողմից կատարված հետաքննությանը:
«Ես դիտեցի մի քիչ հենց ամենասկզբից, չէի կարողանում հավատալ այն բանին, ինչ լսում էի (…) Իսկ հետո ես դիտեցի ցերեկը (…) Ես չկարողացա դա դիտել ամբողջությամբ, հանդիպումներ ունեի (…) Ստիպված էի դիտել բավականաչափ, եւ դա ցնցող էր»,- ասել է Թրամփը: Ըստ որում նախագահը կրկին նշել է, որ հետաքննության շուրջը իրադրությունը համարում է «հեղաշրջման փորձ»:
«Դա խարդախություն էր: Ինչպես ասում են գործարարության աշխարհում, ապօրինի զավթում: Դա հեղաշրջման փորձ էր, ինչպես թվում է ինձ»,- հավելել է նա: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Ռուսաստանին վերագրում են միջամտություն 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին: Մյուլլերի հետաքննությունը շարունակվել է գրեթե երկու տարի: Մասնավորապես, նա հետաքննել է ենթադրյալ նախահամաձայնությունը ՌԴ-ի իշխանությունների եւ հանրապետական Դոնալդ Թրամփի միջեւ: Արդյունքում հատուկ դատախազն ընդունել է, որ ոչ մի նախահամաձայնություն էլ չի եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: