
Թուրքիայում ավարտվում է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը

Հուլիսի 25-ին կավարտվեն Թուրքիայի կողմից գնված ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մասերի մատակարարման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այդ ՀՕՊ համակարգերը նախապես տեղակայվելու են Անկարայի Մուրթեդ ավիաբազայում։ Ըստ տեղեկության՝ վերջին ռուսական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի հուլիսի 25-ին։
Ռուսաստանը հուլիսի 12-ից սկսած S-400-ների մասեր տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա։ Մասերի թվում են եղել ռադարներ, հրթիռներ և այլն։
Աղբյուրը նշում է, որ համակարգերի մատակարարումից առաջ Ռուսաստանում վերապատրաստում անցած 100 թուրք զինվոր արդեն վերադարձել է Թուրքիա։ Եվս 80 թուրք զինվոր պետք է Ռուսաստանում վերապատրաստում անցնի։
Հիշեցնենք, որ S-400-ների գործարքին դեմ էր ԱՄՆ-ն, որը բազմիցս զգուշացրել էր Թուրքիային ծանր հնարավոր հետևանքների մասին։ Ըստ թուրք պաշտոնյաների՝ ռուսական համակարգերը շահագործման կհանձնվեն 2020-ի գարնանը: