Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին

Աշխատանքային այցով հուլիսի 24-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին:

Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխպատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, այնուհետև Տիգրան Մեծի փողոցում և Շառլ Ազնավուրի հրապարակում Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը զրուցել է շինարարների հետ՝ աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների, ինչպես նաև առաջացած խնդիրների մասին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սուրեն Պապիկյանը կարևորեց շինաշխատանքների որակով և ժամանակին իրականացումը. «ՀՀ կառավարությունն այս և եկող տարի մեծ միջոցներ է ուղղել ճանապարհաշինական աշխատանքների համար, մնում է մեր շինարարական կազմակերպությունները լինեն բարեխիղճ, աշխատանքներն իրականացնեն որակով և ժամկետների մեջ: Եթե որևէ շինարար կորոշի պետական միջոցները փոշիացնել, ապա մենք նրան բարեկամաբար խորհուրդ կտանք նման բան չանել, նման մոլորություն չունենալ, քանի որ այդ դեպքում նրանք չեն վճարվի»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ դեռ անցած տարվանից կատարված աշխատանքեր կան, որոնք որակի պատճառով մինչ օրս նախարարությունը չի ընդունել: «Մեզ համար կարևորը որակն է: Դեռ անցած տարվանից կան կազմակերպություններ, որոնց կատարողականը մինչ օրս չենք ընդունել: Ոչ մեկը թող չկասկածի մեր հետևողականության ու ուշադրության վրա: Լավ աշխատողը պետք է խրախուսվի և մեր կողմից արժանանա գոհունակության, իսկ վատ աշխատողը պետք է պատժվի»:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս