Բաժիններ՝

Բաղդադը կարևորում է Հայաստանի մասնակցությունն Իրաքի շինարարական ծրագրերին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի ալ Դուլեյմիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է:

Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման նկատմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող առևտրաշրջանառության զգալի ծավալները:

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել Հայաստան-Իրաք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորելուև՝ գործարար կապերն ամրապնդելու համար:

Նուրի ալ Դուլեյմին հատկապես կարևորել է Հայաստանի ճարտարապետական և շինարարական ընկերությունների մասնակցությունը Իրաքում տեղի ունեցող շինարարական ծրագրերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկրների միջև զբոսաշրջության ակտիվացման կապակցությամբ և միաժամանակ նշել, որ ավիացիոն փոխադրումների հաճախականությունը վերանայման կարիք ունի:

Տիգրան Ավինյանը նշել է, որ, հաշվի առնելով Հայաստանի դինամիկ զարգացող ՏՏ ոլորտը, մեծ հնարավորություններ կան փոխշահավետ ծրագրեր իրականացնելու առումով, և մեր երկիրը պատրաստ է փոխանցել էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների ներդրման իր փորձը:

Զրուցակիցները կարևորել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը՝ հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս