Բաժիններ՝

«Եթե մարդիկ հետևողական լինեն իրենց իրավունքների վերականգնման հարցում, ապա միջազգային ատյաններում Հայաստանին կկանչեն պատասխանատվության». Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Իջևանում տեղի ունեցած դեպքերի պատճառն այն է, որ Կառավարությունը թե՛ նախկինում, թե՛ այսօր չի մշակել բնապահպանական հստակ ռազմավարություն, որի բաղադրիչների մեջ է մտնում նաև անտառապահպանությունը։

«Փաստացի չունենալով այդպիսի հայեցակարգ, ուղղակի հատվածային մոտեցում է ցուցաբերվել այս վերջին օրերին, սակայն դրանով հարցը չի լուծվելու։ Մարդիկ կարիք ունեն հանապազօրյա հացի համար գումար վաստակելու, բայց մյուս կողմից էլ՝ լուրջ բնապահպանական խնդիր ունենք, և այս երկու խնդիրներն էլ չեն լուծվել։ Ցավով եմ ասում, որ այդ մարդկանց համար անտառագողությունը դարձել է աշխատանք և ապրուստ վաստակելու միջոց։ Կարող ենք ասել, որ այստեղ պետական քաղաքականությունը տապալված է, այսօրվա վարչարարությունը՝ նույնն է, որը կիրառվել է նախորդ իշխանությունների ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա՝ այս հարցում նախորդ իշխանությունները թույլ էին տալիս, որպեսզի մարդիկ գողանային փայտը և լռեին, այսինքն՝ սոցիալական բողոքներ չբարձրացնեին, իսկ այս իշխանությունները փորձում են այդ ամենը կանխել, սակայն փոխարենը որևէ լուծում չեն առաջարկում։

Անդրադառնալով Իջևանի դեպքերի ժամանակ ոստիկանության գործողություններին, Զարուհի Փոստանջյանը նկատեց՝ այդ գործողություններն օրինաչափ չէին, որովհետև ոստիկանությունը գնացել էր հետևանքի հետևից, այլ ոչ թե բուն խնդիրը լուծելու։ Ուստի այս հարցում իրավապահ մարմինների և Կառավարության մոտեցումները պետք է փոխվեն և լուծեն բուն խնդիրը, այլ ոչ թե հետևանքը։

«Իրավապահները գնացել էին ուժ կիրառելու, պարզապես չգիտեին՝ որքան պետք է կիրառեն, եթե նախկինում հստակ էր, թե ինչպիսի ուժ պետք է կիրառեին, անկախ նրանից՝ այդ ուժը իրավաչափ էր, թե ոչ, ապա այս պարագայում նրանք չգիտեին, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն։ Այդ պատճառով էլ մենք Իջևանում ունեցանք բախումներ, որն անցանկալի էր երկու կողմի համար էլ։ Բախումների հետևանքով ոստիկանները նույնպես ստացան մարմնական վնասվածքներ, որը խոսում է Կառավարության և ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Դատապարտելի է, որ գիշերով մտել են մարդկանց տները և նրանց դուրս հանել, սա մարդու իրավունքների ոտնահարում է։ Եթե հետևողական լինեն իրենց իրավունքների վերականգնման հարցում, ապա միջազգային ատյաններում Հայաստանին կկանչեն պատասխանատվության»,- նշեց նա։

Անդրադառնալով Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Իջևանի դեպքերի հետևում մարդիկ են կանգնած, որոնք փորձում են նման իրավիճակ ստեղծել ու հրահրել, Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ, եթե այս ամենի հետևում մարդիկ կան կանգնած, և նրանց չեն հայտնաբերել, ապա դա Կառավարության և իրավապահ մարմինների խնդիրն է, քանի որ նրանք լիարժեք տիրապետում են բոլոր լծակներին։

Նրա կարծիքով՝ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, Դատախազությունը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում մի շարք քաղաքացիներ փակել էին Իջևան-Երևան ճանապարհը, նրանք հիմնականում փայտի գործով զբաղվող քաղաքացիներն էին, որոնք պահանջում էին թույլ տալ անտառից ծառեր կտրել, վաճառել և լուծել օրվա հացի խնդիրը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս