Բաժիններ՝

Առաջին կիսամյակում զբոսաշրջային այցերն աճել են 12,8 տոկոսով

2019 թվականի առաջին 6 ամսվա կտրվածքով հայաստանում զբոսաշրջության ոլորտն աճել է 12,8 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ունենք արդեն կատարված վերլուծության արդյունքով հաստատված 12.8 տոկոս զբոսաշրջային այցերի աճ: Ընդ որում՝ առանձնահատուկ է այն, որ Ռուսաստանի Դաշնությունից այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 19.7 տոկոսով, այսինքն՝ մոտ 20 տոկոսանոց աճ ունենք, և դա վկայում է այն աճող հետաքրքրության մասին, որ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունը ներկայացնում է ՌԴ զբոսաշրջիկի համար: Դա է պատճառը նաև, որ մենք թիրախավորել ենք հատկապես Ռուսաստանում, Վրաստանում և Չինաստանում մարքեթինգային ուղղությունները»,- ասաց նախարարը:

Կառավարությունն այսօր նախարարությանը հատկացրեց 105 մլն դրամ զբոսաշրջության ոլորտում նոր ծրագրեր նախաձեռնելու նպատակով: մասնավորապես, 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, մարքեթինգային միջոցառումների ծավալմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներին նշեց. «2 օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում գրել էի, որ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել: Ես վերցրել եմ ՍԷԿՏ՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ամփոփ տվյալը, որովհետև օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաև գործարար այցելություն: Դա էլ վատ չէ, որ այդ աճի մեջ աճի նաև գործարար նպատակներով Հայաստան եկած օտարերկրացիների թիվը: Սա ասում եմ, որպեսզի հանկարծ թվերի անհամապատասխանության մեջ տարընթերցում, թյուրըմբռնում չլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս