Բաժիններ՝

«Շկուպի»-«Փյունիկ». գոլերը պարտադիր են

Հայաստանում երկու ակումբները համառ  ֆուտբոլ խաղացին, և «Փյունիկը» կարողացավ քամբեք անել՝ հանդիպումը ավարտելով 3:3 հաշվով: Վերջնական հաղթանակի և Եվրոպա լիգայի որակավորման հաջորդ փուլ դուրս գալու համար հայկական ակումբը պարտադիր պետք է գոլ կամ գոլեր խփի:

«Շկուպի»

«Շկուպիի» համար սա երկրորդ մասնակցությունն է եվրագավաթներում: Դեբյուտը եղել է նախորդ մրցաշրջանում, երբ մակեդոնացիները հենց առաջին փուլում լքեցին պայքարը՝ պարտվելով շոտլանդական «Ռեյնջերսին» (0:2, 0:0):

Մակեդոնիայի առաջնությունում թիմը 4-րդն էր, այդ իսկ պատճառով հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման փուլում:

«Շկուպիի»  գլխավոր մարզիչ Ումիթ Կարանը խաղից առաջ նշել է, որ առաջին խաղի արդյունքն անսպասելի էր, իսկ հայկական ակումբը շատ կայուն և պատրաստված թիմի տպավորություն էր թողնում: Կարանի խոսքով՝ 3:3 հաշիվն անակնկալ էր երկու կողմերի համար էլ, բայց դա իր թիմի սխալն էր, որը 1:3 հաշվից հետո չօգտագործեց իր պահերը:

Մարզիչը կարծում է, որ հաշիվն իրենց կողմից է, սակայն իրենք ոչ մի կերպ չեն խաղալու 0:0 արդյունքի համար:

«Փյունիկ»

«Փյունիկը» ավելի փորձառու է: Հայկական թիմի համար սա արդեն 18-րդ անընդմեջ եվրագավաթային տարին է: Ճիշտ է, Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր հայկական ակումբը ոչ մի անգամ չի նվաճել:

Նախորդ տարի «Փյունիկը» հաղթանակ տարավ դիմակայության ֆավորիտ «Վարդարի» նկատմամբ (1:0, 2:0) և հաղթահարեց «Տոբոլի» արգելքը (1:0, 1:2): Սակայն իսրայելական «Մաքաբիին» հաղթել չստացվեց (0:0, 1:2):

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը նշում է, որ առաջին խաղում «Փյունիկն» առավելություն ուներ, իսկ գոլերն իրենց սխալների արդյունքն էին: Մարզիչը կարծում է, որ թիմը կարող էր հաղթել վերջին րոպեներին:

«Խաղով մենք հաղթում էինք, բայց չհաղթեցինք հաշվով: Ես հույս ունեմ, որ մենք կցուցադրենք լավ ֆուտբոլ և լավ արդյունք կգրանցենք:

Դեռ հստակ չէ, թե ում համար է այս հաշիվն ավելի ձեռնտու:

Նախորդ խաղի առաջին 20 րոպեներին մենք մեծ ճնշում գործադրեցինք, ինչը նշանակում է, որ մենք լավ ենք պատրաստած այս խաղին:

Նախորդ խաղերի գոլերը ստանդարտներից էր, այս խաղում ևս պետք է ուշադրություն դարձնենք դրանց»:

Հայկական թիմի կազմում կբացակայի Էդգար Մանուչարյանը, ով վնասվածք ունի:

Հաշվի առնելով թիմերի ցուցանիշներն առաջին խաղում՝ այս հանդիպման ընթացքում ևս պետք է սպասել շատ լարված, հարձակողական և ակտիվ ֆուտբոլ: Մասնագետները կարծում են, որ «Շկուպիի» պաշտպանական գիծն  այնքան ուժեղ չէ, որ դիմակայի հայկական ակումբի փորձառու ֆուտբոլիստների ճնշմանը: «Փյունիկին» լավ պաշտպանվելու և գնդակ բաց չթողնելու դեպքում բավական է անգամ մեկ գնդակը:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա Մակեդոնիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս