Ցնցված է

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցնցվել է Վահե Գրիգորյանի նամակից։

«Անկեղծ ասեմ՝ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, որովհետև ես, այդ նամակը կարդալով, հասկացա, որ 2018 թվականին տրանֆորմացիայի շրջանում բոլորս ֆիքսվել էինք Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբությունների իմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում»,- ասել է վարչապետը։

«Քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա 2005 թվականի կարգավորումն է տարածվում, այսինքն՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ՝ ցմահ կամ մինչև 65 տարի, և նույնը վերաբերում է նաև ՍԴ նախագահին: …Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն այնպես, ինչպես կարելի է նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել»,- նշեց Փաշինյանը։

«Կարծում եմ, որ առաջիկայում գուցե ՍԴ-ի հետ պիտի խոսի ԱԺ-ն, կամ, չգիտեմ՝ փորձագիտական հանրությունը, բայց ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»,- հավելել է վարչապետը։

Հերթական անգամ անհասկանալի է մնում, թե այդ լուծումն ինչպե՞ս է պատկերացնում Փաշինյանը, և արդյո՞ք պետք է սպասել դատական իշխանության նկատմամբ իրագործվող հերթական արկածախնդրությանը։

Տեսանյութեր

Լրահոս