Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը
Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում։ ՀՀ վարչապետը հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի և օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել:
«Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վենետիկի հանձնաժողովը հայտարարությամբ բեղմնավոր էր գնահատել Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և հավելել, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Ստրասբուրգ հուլիսի 1-2-ը, հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանափակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման: