Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց վեթթինգի իրականացման նպատակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ և սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում: Այս Փաշինյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Վեթթինգ նշանակում է որևէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,- ասաց Փաշինյանը:
Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:
Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում է կայացրել: