Մարինա Խաչատրյանն Արդարադատության նախարարի չծառայելու վերաբերյալ սպասում է պատկան մարմինների արձագանքին
Երեկ «Առողջ հանրություն» հ/կ ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմում էր հղել Պաշտպանության նախարարին, ԱԱԾ պետին, ռազմական ոստիկանության ղեկավարին՝ նշելով, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
«Պահանջում եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում որպես մասնագետ՝ ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռ. Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը և ծառայությունից ազատվելու բոլոր հիմքերը»,- նշել էր Մ. Խաչատրյանը։
Ի պատասխան այս դիմումի, ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքեց տեղեկությունը, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարինա Խաչատրյանը նշեց, որ իր դիմումը հղել է ոչ թե Ռուստամ Բադասյանին կամ նրա քարտուղարուհուն, այլ Պաշտպանության նախարարին, ԱԱԾ և Ռազմական ոստիկանության պետերին, հետևաբար՝ պատասխանն ակնկալում է հենց նրանցից։
«Սպասում եմ, թե երբ է լինելու հանձնաժողովի ստեղծումը, հուսամ, որ այնտեղ որպես մասնագետ՝ կընդգրկեն նաև ինձ։ Ես այդ անձին տալիս եմ բժշկի գնահատական, կոնկրետ ողնաշարի դիրքի վերաբերյալ։ Ես երեկ հստակ ասացի, որ չի կարող 30 աստիճան սկոլիոզ ունեցող անձնավորությունն ունենալ նման ուղիղ կեցվածք»,- շեշտեց Մ. Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ Ռուստամ Բադասյանի ծնողները և կնքահայրը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նախկին իշխանությունների ժամանակ, ուստի այստեղ տեսնում է կոռուպցիոն ռիսկեր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան