Բաժիններ՝

«Եթե չի մահացել մարդ, ինչի՞ համար ենք մենք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը թողնում-գնում, միլիոնները, միլիարդները տանում ա ուրիշ երկրներ». Հրանտ Մադաթյանը՝ Սևանի մասին

Սևանա լճում լողալն այս պահին վտանգավոր չէ առողջության համար, լողափերում թունունակություն չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը՝ հավելելով, որ լիճը կենդանի օրգանիզմ է, իրավիճակը կարող է փոխվել: Նա վստահեցրեց, որ իրենք շարունակաբար հետազոտություններ են իրականացնում և, եթե որևէ ցուցիչով վտանգի առկայություն լինի, կտեղեկացնեն: Սակայն, ըստ Ն.Բակունցի, լճի ջուրը խմելու համար պիտանի չէ և չի էլ եղել. «Ես ձեզ խնդրում եմ՝ կոչ մի արեք, որ Սևանի ջրից խմում եք, վտանգ չկա: Դրան ոչ պատրաստ մարդիկ, տուրիստներ կարող են խմել և հիվանդանալ»:

ԲՀԿ-ական պատգամավոր, ծնունդով ծովագյուղցի Հրանտ Մադաթյանը հայտարարեց, որ իրենք էլ են մարդ, իրենց «արունն էլ ա կարմիր», ու պետք չի միայն տուրիստների համար մտածել. «Ագիտացիա եք անում՝ տուրիստները կխմեն, վատ կզգան, փորացավ կընկնեն: Ոչինչ, թող մեկ-մեկ էլ իրանք փորացավ ընկնեն: Իրանք լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան մեր հալն իմանան»:

Մադաթյանը վստահեցրեց, թե Սևանի ափին բիզնես շահ չունի, միայն հողամաս է վերցրել ու անտառը մաքրել է. «Ես շահ չունեմ, ես իմ ժողովրդի համար եմ շահագրգռված»: Նա հարցադրում արեց, թե եթե տոքսինների մասին են խոսում, էդ ժամանակ քանի՞ հոգի է մահացել. «Եթե չի մահացել մարդ, ինչի՞ համար ենք մենք ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը թողնում-գնում, միլիոնները, միլիարդները տանում ա ուրիշ երկրներ: Դուք ինչի՞ համար էդի կառավարությունում գիտնականների, բնապահպանների հետ, Բնապահպանության նախարարության հետ խի՞ էդ աշխատանքները սուսիկ-փուսիկ չեք անում՝ ջուրը մաքրվի: Հարցս էն է՝ էդ կեղտոտ ժամանակ քանի՞ հոգի է մահացել: Ինչի՞ համար էդ բարձրաձայնեց առողջապահության նախարարը, որ Սևանի ափում էսօր մի մարդ չկա հանգստացող: Երեկ էլ բռնեց-ասեց՝ Սևանի ջուրը արդեն կարաք էթաք չփլիկ-չփլիկ անեք: Արդեն ուշ ա»:

Ն.Բակունցն իր հերթին՝ հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ պետք է անպայման ինչ-որ մեկը մահանա, նոր ասեն «վա՜յ»: Ըստ նրա՝ աղտոտվածությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել՝ մաշկային ցան, ասթմատիկ պրիստուպ, ալերգիկ շոկ, տոքսինը լյարդում է կուտակվում, և այլն: Բակունցի խոսքով՝ իրենց խնդիրն է կանխարգելել, և լռել չի կարելի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս