
Պետությունը կֆինանսավորի բռնության ենթարկված կանանց աջակցության նախատեսված 2 ապաստարան

Պետությունը նախատեսում է 2020 թվականից սկսած ֆինանսավորել բռնության ենթարկված կանանց աջակցության համար նախատեսված 2 ապաստարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Ապաստարանների առումով մենք ունենք խնդիր, սակայն այս պահին չկա որևէ ապաստարան, որը ստանում է պետական աջակցություն: Հույս ունեմ, որ 2020 թվականից մեր բյուջեից կլինի 2 ապաստարանի ֆինանսավորում»,- նշեց նախարարը և հավելեց, որ մասնագետները պետք է ասեն, թե ինչ ծառայություն կմատուցեն ապաստարանները, քանի որ բռնության ենթարկվածներից յուրաքանչյուրի պատմությունն անհատական է:
Նրա խոսքով՝ կնոջ անվտանգ միջավայրում ապրելու, ինչպես նաև տնտեսապես անկախ լինելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է փորձի լուծել նրա ինքնուրույնության հարցը:
Բաթոյանը կարևորեց նաև, որ բռնության ենթարկված կինը որոշ ժամանակ անց պետք է կարողանա ինքնուրույն ու ապահով կյանք վարել։