«Ես հույս ունեմ, որ նաև այս հաղորդումը լսելով, մեկ տարվա աշխատանքը գնահատելով՝ բոլոր նրանք, ովքեր կարևորում են կրթաթոշակի ոլորտը և իմ ներկայացրած մնացած ծրագրերը, չեն սպասի իմ հատուկ խնդրանքին և ակտիվորեն կաջակցեն». Աննա Հակոբյան
«Թվերով և ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունը, կատարված ծրագրերը, ձեռքբերումները։ Արդյունքները շատ են, հաջողության պատմությունները՝ նույնպես, սակայն մեր թիմը մտադիր է առաջ գնալ ու նպաստել մեր երկրի զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ իր էջում տեղադրելով Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը:
Զրույցում նա ևս մեկ անգամ բարձրաձայնել է բարեգործության իրենց որդեգրած սկզբունքը՝ «Մենք չենք ուզում ուղղակի բարեգործություն անել, այլ ուզում ենք կայուն զարգացման հնարավորություն տալ»:
Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք հիմնադրամի ծրագրերը համաձայնեցվում են պետության հետ, Աննա Հակոբյանը պատասխանել է, որ, ըստ էության համաձայնեցվում են.
«Հիմնադրամները ստեղծվել են արդեն ամուսնուս հորդորով, և սերտորեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի առումով, ռազմավարական իմաստով՝ նույնպես»:
Ներկայացնելով իրենց որդեգրած սկզբունքները՝ նա նշել է, որ աջակցում են անհատներին՝ համակարգված ճանապարհով. «Մենք չենք ուզում ուղղակի բարեգործություն անել, այլ կայուն զարգացման հնարավորություն տալ, և մեր ծրագրերը հենց դրան են միտված»:
Արդյո՞ք ճիշտ չէր լինի միացնել երեք նախաձեռնությունները. Պ. Ղազարյանի այս դիտարկմանն Ա. Հակոբյանն արձագանքեց, որ դրա հնարավորությունը չի տեսնում. ««Ժպիտների քաղաքը» բացառապես քաղցկեղով հիվանդ երեխաների համար է, «Կանայք՝ հանուն խաղաղության»-ը նախաձեռնություն է և տնտեսական իմաստով մեծ բեռ չէ, «Իմ քայլը» հիմնադրամը գործում է մի քանի ուղղություններով՝ մշակութային, սոցիալական, կրթական, բնապահպանական»:
Աննա Հակոբյանն ասել է, որ հիմնադրամի արդյունքները գերազանցել են իր սպասելիքները. «Ես ուզում եմ նաև ֆինանսական տեսակետից ներկայացնել, իմ կարծիքով՝ այս մեկ տարվա արված աշխատանքը և ֆինանսական շարժը, ծրագրերը գերազանցել են իմ սպասելիքները: Ուզում եմ հատուկ շեշետել՝ մեկ տարի առաջ հուլւսի 12-ին ընդամենն ազդարարվեց հիմնադրամի աշխատանքները սկսելու մասին, և ամեն երեք ամիսը գործադիր տնօրեն էինք ընտրում: Այն, ինչ կներկայացնեմ, արվել է հիմնադրամի կայացմանը զուգահեռ: Այս մեկ տարվա ընթացքում հավաքել ենք շուրջ 2 միլիոն 945 դոլար: Մոտ 3 մլն դոլար հավաքել ենք, մեր ծրագրերի վրա ծախսել՝ մոտ 2 մլն դոլար:
Եվ հատուկ ուզում եմ նշել, որ միայն 86 հազար դոլար է ծախսվել աշխատավարձի, գործուղումների և ներկայացուցչական ծախսերի վրա, այսինքն՝ ամբողջ ծախսերի նույնիսկ 5 տոկոսը չի կազմել մեր գործառնական ծախսերը:
Ինչի վրա ենք ծախսել՝ սկսել ենք կրթաթոշակային ծրագրից՝ «Լույս» հիմնադրամի շահառուների խնդիրն ենք լուծել. այդ ժամանակ մենք 570 հազար դոլարի կրթաթոշակ ենք տրամադրել, բայց միայն 53 հազար 800 դոլարն է եղել մեր հիմնադրամի միջոցներով, մնացածը՝ գործընկեր հիմնադրամներին ենք մոբիլիզացրել, և 27 ուսանող հնարավորություն է ունեցել շարունակել ուսումը:
Դասական երաժշտության բարեկամների խումբն ենք ստեղծել: Այս ընթացքում՝ 2019-ի հունիսի դրությամբ, 514 միլիոն 866 հազար դրամ տրամադրել ենք դասական երաժշտության տարբեր ստեղծագործական խմբերի»:
Անդրադառնալով կրթաթոշակներին՝ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ մշակել են կրթաթոշակի տրամադրման սեփական ծրագիրը, ապա նշեց, որ այժմ կրթաթոշակների տրամադրման հիմնական սկզբունքներից է մասնագիտության ընտրությունը.
«Բանակցեցինք տարբեր պետական կառույցների հետ, բիզնեսմենների հետ՝ հասկանալու համար, թե ինչ մասնագիտությունների բաց կա երկրում, և ստացանք մասնագիտությունների այն ցանկը և սկզբունքը, թե որ համալսարաններ ընդունվելու դեպքում մենք կֆինանսավորենք»:
Ինչպես տեղեկացրեց նա՝ կրթաթոշակի տրամադրման համար ստացել են 91 դիմում, որից 15-ը տեխնիկական պատճառներով չեն համապատասխանել չափանիշերին, իսկ 76-ը դիտարկվում են, և հավանական է, որ բոլորը համապատասխանեն: Վերջինի համար անհրաժեշտ բյուջեն կկազմի շուրջ 1 մլն 636 հազար դոլար.
«Ես հույս ունեմ, որ նաև այս հաղորդումը լսելով՝ մեկ տարվա աշխատանքը գնահատելով՝ բոլոր նրանք, ովքեր կարևորում են կրթաթոշակի ոլորտը և իմ ներկայացրած մնացած ծրագրերը, չեն սպասի իմ հատուկ խնդրանքին և ակտիվորեն կաջակցեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ
Մենք չենք ուզում ուղղակի բարեգործություն անել, այլ ուզում ենք կայուն զարգացման հնարավորություն տալ. Պետրոս Ղազարյանի հյուրն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Gepostet von Լուրեր am Montag, 15. Juli 2019
Զարուհի Դիլանյան