Պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակման եզրին է. «Հայէկոնոմբանկը» 2016 թվականից է օտարել տարածքը
Հուլիսի 15-ին Ալավերդու պատկերասրահի ճակատագրով մտահոգ ալավերդցիները բողոքի ակցիա էին անցկացնում «Հայէկոնոմբանկի» Թումանյան մասնաճյուղի շենքի մոտ:
«Տեղեկացա, որ Ազգային պատկերասրահի տնօրենը հրահանգել է, որպեսզի նկարները տանեն այստեղից: Պարզ երևում է, որ սկուտեղի վրա շենքը տալիս են Սուքիասյաններին: Ալավերդցիները պետք է որոշեն՝ նկար այստեղից հանե՞ն, թե՞ չէ»,- լրագրողներին ասաց պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը:
Թատերական Լոռի միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն էլ նշեց, որ պահանջում են հանգիստ թողնել Ալավերդու պատկերասրահը:
«Մեր պահանջն այն է, որ «Հայէկոնոմբանկը» հանգիստ թողնի պատկերասրահը»,- հավելեց Հրաչյա Պապինյանը:
Արձակագիր Լևոն Ջավախյանն էլ այս առիթով Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պետական պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղը փակման եզրին է։ Կենտրոնից հրահանգել են հետ վերադարձնել Ալավերդու մասնաճյուղին հատկացված նկարները։ Սա նշանակում է, որ մշակութային օջախը տեղի է տալիս օլիգարխիայի ճնշումներին, այսինքն՝ «Հայէկոնոմբանկին», այսինքն՝ Սուքիասյանների ընտանիքին։ Սուտ է, երբ ասում են՝ մեր երկրում չկա օլիգարխիա… Որտեղ օլիգարխիան է, այնտեղ անելիք չունի օխլոկրատիան։ Այսօր ալավերդցին ապրուստի չնչին միջոց անգամ չունի, ուր մնաց՝ մշակութային օջախ ունենա։ Փողի առաջ ամեն ինչ ոչինչ է, հեղափոխության թավիշն անգամ նրա առաջ ոտնատակի փալաս է։ Ի՞նչ է այս մասին մտածում Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ի՞նչ է մտածում երկրի Վարչապետը… Հարցը խիստ վիճահարույց է։ Անհերքելի փաստեր կան, որ «Հայէկոնոմբանկը» պատկերասրահի տարածքը ձեռք է բերել ապօրինի գործարքի շնորհիվ։ Այդ մասին շատ է գրվել։ Վերջնական պատասխանը կտա դատարանը: Քանի դեռ հեղափոխության թավիշը Ալավերդի չէր հասել՝ Սուքիասյանները երկնչելով հասարակայնության աղմուկից, իրենց հոժար կամքով բանկի մի փոքրիկ պուճախ տրամադրել էին մասնաճյուղի գործունեությանը։ Իսկ հիմա, գոտեպնդված հեղափոխության ձեռքբերումով և հատկապես բարձրյալի հովանավորությամբ, մշակույթի վերջին ծվենն անգամ՝ որպես անցյալի բորբոս, դուրս են մղում ետնամարզից։ Մենք շատ ենք լսել բարեգործության մասին։ Իսկ ո՞վ է լսել Սուքիասյան ընտանիքի բարեգործությունների մասին։ Մի՞թե հարուստ ընտանիքը չնչին մակերեսով այդ տարածքի հույսին է մնացել… Կարող է, չէ՞, առանց դատ ու դատաստանի, մեծահարուստ ընտանիքը շնորհ անի և համակերպվի բանկին կից տարածքում մշակույթային օջախի գոյությանը… Մենք էլ մեր Մանթաշովն ենք ուզում ունենալ…»:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով խնդրի մասին՝ ասաց.
«Խնդիրն այն է, որ շենքը մեզ չի պատկանում: Թույլ էին տվել այնտեղ որոշ ժամանակ պատկերասրահ ունենալ, բայց սեփականատերը պահանջել է, որպեսզի հեռանանք: Պահանջը չենք կատարել, դատի է տվել ու 9 միլիոն դրամ փող է պահանջում՝ բաց թողնված եկամուտի համար: Հետևաբար՝ քաղաքական խնդիր է: Տեղյակ եմ, որ այլ տարածքներ կան, հիմա մարզային և քաղաքային իշխանությունները, եթե ցանկանում են պատկերասրահ ունենալ, պետք է տարածք տան, վերանորոգենք: Նկարները մենք ենք տրամադրել, մենք էլ տեղափոխում ենք, մինչև նոր տարածքի հարցը լուծվի»:
«Սիլ կոնցեռնի» մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Հայէկոնոմբանկը» 2016 թվականից է օտարել այդ տարածքը:
««Հայէկոնոմբանկն» այդ տարածքի հետ ոչ մի կապ չունի, խնդրում ենք զերծ մնալ բանկի հասցեին անհիմն մեղադրանքներից, իսկ լրացուցիչ հարցերի համար դիմեք համապատասխան մարմիններին»,- նշեց Աննա Մկրտչյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ծանոթացել է Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին և դիմել է Կենտրոնական բանկի նախագահին:
«Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ: Միևնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որևէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու և արդյունավետ լուծում տալու նպատակով»,- գրել է պատգամավորը:
Հավելենք, որ «Հետքի» հաղորդմամբ՝ Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման տեղեկատվության համաձայն՝ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը 1999թ. ապրիլի 23-ի որոշումով Ալավերդու պատկերասրահի շենքի սեփականության իրավունքը Քաղառի չմարված վարկային պարտքի դիմաց, որպես խանութ, հանձնել է «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղին: Դատարանի այս որոշման և Ալավերդու քաղաքապետ Կարեն Եսայանի 1999թ. օգոստոսի 24-ի 145 որոշման համաձայն՝ 1999թ. սեպտեմբերի 29-ին պատկերասրահի շենքը՝ որպես խանութ, պետական գրանցում է ստացել «Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղի անվամբ: Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանի 2005թ. սեպտեմբերի 28-ի թիվ 271-Ա որոշման համաձայն՝ պատկերասրահի շենքը Կադաստրի կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման կողմից վերագրանցվել է որպես բանկ ՝ «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անվամբ: «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև 2009թ. հոկտեմբերի 23-ին կնքվել է ոչ բնակելի շենքի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով ազգային պատկերասրահին է հանձնվել Կախոյան 7 հասցեում գտնվող 119.2 քմ տարածք:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի 283-Ա որոշման համաձայն՝ Կախոյան 7 հասցեի «Հայէկոնոմբանկի» Թումանյանի մասնաճյուղի անշարժ գույքը բաժանվել է երկու միավորի, և բաժանված երկու միավորներն էլ 2016թ. փետրվարի 18-ին իրավունքի պետական գրանցում են ստացել կրկին բանկի Թումանյանի մասնաճյուղի անվամբ՝ Թումանյան 44 և Թումանյան 44/1 հասցեներով:
Անի Կարապետյան