«Բանանց»-«Չուկարիչկի». կկարողանա՞ հայկական ակումբը ռևանշի հասնել
Այսօր ժամը 19։00-ին «Բանանց» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան՝ «Բանանց»-«Չուկարիչկի» հանդիպումը։
Առաջին խաղում հայկական ակումբը մրցակցի հարկի տակ պարտվեց 3:0 հաշվով:
Հաջորդ փուլ դուրս գալու համար հայկական թիմը պետք է խփի 3 և ավելի գնդակ և բաց չթողնի գոլեր:
«Բանանց»
«Բանանցը» երրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի Բարձրագույն առաջնության վերջին մրցաշրջանում` վաստակելով Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու իրավունք:
Վերջին անգամ թիմը մասնակցել է Եվրոպայի գավաթին 2018 թվականին: Այդ ժամանակ նրանք չկարողացան անցնել «Սարաևոյին»՝ երկու խաղերում պարտություն կրելով 1:2 և 0:3 հաշիվներով:
Այս տարի մեկնարկը կրկին հուսադրող չէ: Առաջին խաղում 3:0 հաշվով պարտվելը փոքր հնարավորություններ է տալիս հայկական ակումբին:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը շնորհավորել է թիմին Եվրոպա լիգայի որակավորման փուլին մասնակցելու համար: Ըստ մարզչի՝ սպասվում է բարդ հանդիպում, բայց խաղը տևում է 90 րոպե, և տղաները պետք է հավատան: Մարզչի խոսքով՝ պետք է մոռացվի նախորդ խաղը և ամեն ինչ արվի հաշիվը վերադարձնելու համար:
«Չուկարիչկի»
Սերբական ակումբը Եվրոպա լիգային հաճախ չի մասնակցում: Այս մրցաշարին նա առաջին անգամ մասնակցել է 2016 թվականին: 2016 թվականին սերբական թիմը կարողացավ մեկ փուլ հաղթահարել և լքեց պայքարը երկրորդ փուլում:
Առաջին խաղում «Չուկարիչկին» լավ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ անցնելու համար, բայց հնարավոր է՝ Երևանում նրանց անակնկալներ սպասվեն:
«Չուկարիչկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդար Վեսելենովիչը նշում է, որ իրենց ևս շատ բարդ խաղ է սպասվում, որտեղ հայկական թիմը կարող է անակնկալներ մատուցել:
Վեսելենովիչը նշում է, որ «Բանանցը» սիրում է հարձակողական ֆուտբոլ խաղալ, ունի անհատական բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ և չի սիրում մրցակցին տարածություն տալ: Մարզչի խոսքով՝ եթե հայկական թիմին տրվի հնարավորություն, ապա նրանք կարող են լավ արդյունքի հասնել:
Սիրարփի Աղաբաբյան