«Ուշադիր եղեք, հանկարծ ավել բան չգրեք, ավելի լավ ա՝ եղածից մի բան պակաս գրեք, չընկնենք շառի մեջ». Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի բժշկական փորձաքննությունների մասին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր նորից հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, քանի որ Մանվել Գրիգորյանը դատարան չէր բերվել՝ վատառողջ լինելու պատճառով: Դատարանը «Նաիրի» բժշկական կենտրոնից գրություն էր ստացել, որը փաստում է, որ Գրիգորյանը չի կարող ներկայանալ նիստերին: Հիշեցնենք, որ նախորդ նիստը ևս հետաձգվել էր հենց նույն հիմքով:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ հնարավոր է՝ Մանվել Գրիգորյանի վերջույթներն անդամահատեն, պատասխանեց, որ նման վտանգի մասին հայտարարել է մասնագետ բժիշկը.
«Բոլորդ էլ շատ քաջ գիտակցում եք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այնպիսին է, որ, եթե նախանցած դատական նիստին դատավորը կարող էր ասել, որ միայն այն, որ նա դատական նիստին ներկա է, արդեն խափանման միջոցը չպետք է փոխվի, հիմա այսօր ներկա չէ:
Չգիտեմ՝ ինչ եզրահանգման կգա հանձնաժողովային փորձաքննությունը, որովհետև այդ դառը փորձն ունեցել ենք, երբ այդ փորձաքննությունը ոչ պատշաճ անձի կողմից ստորագրվում է, ոչ նորմալ պայմաններում իրականացվում է, ճնշումների տակ է իրականացվում, բայց փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը գնալով վատթարանում է:
Ականատես եմ եղել ինքս: Հայատարարել եմ ու հայտարարում եմ, որ փորձաքննությունն անցկացվել է ոչ ստանդարտ ռեժիմում: Ամեն ինչը վերահսկվել է և՛ հատուկ ծառայությունների կողմից, և՛ բժշկական ղեկավարները հատուկ զգուշավորություն են դրսևորել, որն արտահայտվել է հետևյալ նախադասության մեջ՝ «Ուշադիր եղեք, հանկարծ ավել բան չգրեք, ավելի լավ ա՝ եղածից մի բան պակաս գրեք, չընկնենք շառի մեջ»: Այդ արտահայտությունը բազմիցս ես լսել եմ»:
Հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի քրեական գործը լրացվելու է՝ հաշվի առնելով դատական նիստերից մեկի ընթացքում հրապարակված «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի դիմումը, որով նա պահանջում է Մանվել Գրիգորյանից բռնագանձել 5 միլիոն դոլար՝ իր ողջ կյանքը կործանելու համար, փաստաբանը նկատեց, որ քրեական գործն առհասարակ «մուրզիլկա մակարդակի վրա գրված մեղադրանք է». «Հանցակազմ չկա, բայց սրտաճմլիկ, վեպային 25 տարվա մարդկանց հայտնվելը…. »:
Լրագրողի դիտարկմանը, թե լուսանկար կա (շղթայակապ Իսախանյանի հայտնի լուսանկարը), Ա. Մկրտչյանն արձագանքեց՝ «Այդ լուսանկարում Մանվել Գրիգորյանը չկա… Այս տիպի մեղադրանքների հետ մենք իրավաբանություն անելու բան չունենք…
Սրտաճմլիկ, Զինվորի հաց, սնունդ, յուրացում…Մեղադրանքը… Չի լինում յուրացում՝ առանց վստահության հանձնելու. Ես անձամբ խնդրել եմ՝ առերեսել Մանվել Գրիգորյանին իր վստահությանը հանձնող անձանց հետ: Անտեսվել է դատախազի կողմից և անտեսվելու է հետագայում»:
Ըստ պաշտպանի՝ «լկտի քաղաքական պատվերով» է պայմանավորված այն, որ մարդիկ ուրախանում են Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելով, ըստ նրա՝ Արցախի հերոսն այս դատական սանկցիաների հետևանքով խոշտանգվել է ավելի շատ, քան ադրբեջանական գերությունում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Գրիգորյանը հետախուզվում է, իսկ Մանվել Գրիգորյանը 2018 թ. հունիսի 16-ին ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել:
Զարուհի Դիլանյան