Բացահայտվել է Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանության դեպքը
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 պարկուճ, դանակ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվել է դիակի զննություն:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածնքեր է պատճառել նույն քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: