Ընդհատվող քաղցը լիովին վերականգնում է իմունային համակարգն ու երիտասարդացնում է օրգանիզմը

Կարճաժամկետ քաղցը ողջ օրգանիզմի վերաթողարկման կոճակի է նմանվում։
Քաղցի օգտակարության և վնասակարության շուրջ երկար ժամանակ ծավալվում էին ամենահակասական քննարկումներ։

Այսպես, քաղցելու կողմնակիցները մատնանշում էին բազմաթիվ առավելություններ, ներառյալ՝ քաշի անկումը, ինսուլինային զգայունակության նորմալացումը, տրիգլիցերիդների քանակության նվազեցումը, ինչպես նաև ծերացման պրոցեսի «սառեցումը»։ Նույնիսկ սննդակարգերի ամբողջական հավաքածուներ են գրվել, որոնք սկսվում են կարճաժամկետ՝ 14-18 ժամանոց քաղցումից և ավարտվում են առավել երկարաժամկետ դիետաներով, որոնք նախատեսում են 2-3 օր տևողությամբ պինդ սննդատեսակներից հրաժարում։ Սննդակարգերից յուրաքանչյուրն առաջարկում է իր առավելությունները, դրա համար էլ յուրաքանչյուրն իր համար հարմար տարբերակ կընտրի։
Այս մասին տեղեկանում ենք www.cluber.com.ua կայքից։

Սակայն սննդի ոլորտի շատ մասնագետներ չեն աջակցում քաղցի գաղափարին, քանի որ գիտակցական սովը միշտ ուղեկցվում է առողջության հետ կապված ռիսկերի հետ, որոնք չի կարելի անտեսել։ Այսպես, հետազոտողները մասնավորապես մարդկանց ուշադրությունը հրավիրում են սննդարար նյութերի կորստի վրա, քանի որ դիետայի ժամանակ մարդիկ սահմանափակում են ոչ միայն վնասակար մթերքների օգտագործումը, այլև այն էլեմենտների, որոնք կենսականորեն անհրաժեշտ են օրգանիզմին, ներառյալ՝ մրգերը, բանջարեղենը, սպիտակուցները և օգտակար ճարպերը։

Բացի դրանից, բժիշկները մատնանշում են այն փաստը, որ քաղցը միշտ ավարտվում է սովորական սննդակարգի վերականգնմամբ, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է քաշի ընդհանուր ավելացման՝ նիհարելու փոխարեն։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտությունն օգնեց զարմանալի բացահայտում կատարել՝ գիտական վեճերի նոր ճյուղի սկիզբը դնելով։ Գիտնականների թիմը հավաքեց կամավորների մի խումբ ու նրանց խնդրեց պարբերաբար դիետա պահել 2-4 օր՝ կես տարվա ընթացքում։

Այս ժամանակահատվածի ընթացքում տեղի ունեցան անհավանական փոփոխություններ, օրինակ՝ օրգանիզմում քաղցկեղի զարգացման և ուռուցքների աճի համար պատասխանատու հորմոնի արտադրման ծավալների էական կրճատում։ Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Փորձարկվողների իմունիտետն էականորեն ամրապնդվեց։

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալտեր Լոնգոն, ով հետազոտություն էր անցկացրել, նույնպես իր զարմանքն արտահայտեց ստացված արդյունքների վերաբերյալ։

«Մենք նկատել ենք, որ լեյկոցիտների քանակը՝ ինչպես մարդկանց, այնպես էլ՝ կենդանիների մոտ քաղցի ժամանակ կտրուկ կրճատվում է։ Իսկ երբ դուք նորից սկսում եք սնվել, գործընթացը վերագործարկվում է»,- ասել է նա։

Հետազոտությունների արդյունքները նոր հնարավորություններ են բացում նրանց համար, ովքեր հիվանդ են ուռուցքային հիվանդություններով կամ պարզապես ծերանում են։ Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցելու մի քանի օրերից հետո տեղի է ունենում արյան սպիտակ գնդիկների արտադրման վերագործարկում։

Սննդից կարճաժամկետ հրաժարումն օրգանիզմին պարտադրում է ծախսել պահեստավորած գլյուկոզայի, ճարպերի ու կետոնների քանակությունները, ինչպես նաև քայքայել լեյկոցիտները։ Այդպիսի լեյկոցիտների կորուստն իր հերթին՝ հանգեցնում է մարդու իմունային համակարգի վերականգնմանը։

Դոկտոր Լոնգոն գրում է. «Դիետայի ընթացքում մարմինը ձգտում է պահպանել էներգիան, իսկ դրա եղանակներից մեկ անպետք իմունային բջիջները վերամշակելն է, հատկապես՝ վնասվածները»։

Այսինքն՝ ստացված արդյունքների համաձայն՝ ընդհատվող քաղցելը, որին հետևում է առողջ ու բալանսավորված սննդանյութերով հագեցած սննդակարգը, ունակ է հիվանդներին օգնել նորացված իմունային համակարգ ձեռք բերել։

Թեպետ կարճաժամկետ քաղցելու թեման որոշակիորեն դեռ հետագա հետազոտությունների կարիք ունի, բժիշկներն արդեն իսկ նախազգուշացնում են, որ վերջնական բժշկական եզրակացությունն այդ հարցի շուրջ առավել խորն ուսումնասիրության կարիք է զգում։

Հետազոտության համահեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր և օնկոլոգիական կենտրոնի կլինիկական բժշկության դոցենտ Տանյա Դորֆն ասում է. «Թեպետև քիմիաթերապիան կյանքեր է փրկում, այն էական ուղեկցող վնաս է հասցնում մարդու իմունային համակարգին։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ քաղցելը կարող է թեթևացնել քիմիաթերապիայի նեգատիվ հետևանքները։ Պետք է ավելի շատ կլինիկական փորձարկումներ անել, բայց ցանկացած դեպքում այդպիսի սննդակարգը պետք է գտնվի բուժող բժշկի խիստ վերահսկողության ներքո»։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս