Բաժիններ՝

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները համաչափ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում

Հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակի աշխատանքային թիմին՝ նախագծի հաջող մեկնարկի համար: Օրերս Երևանի քաղաքապետարանը գործարկած հարթակն ուղղված է քաղաքացիների գաղափարներն ու նախագծերը մայրաքաղաքում կյանքի կոչելուն:

«Սա կարևոր քայլ էր մեր քաղաքի համար, սկիզբն էր մեր այն խոստման, որը տվել էինք մինչև ընտրությունները: Մեր նախընտրական խոստումներից մեկը հենց քաղաքի կառուցմանն ու ապագայի ծրագրերին հանրության մասնակցության ապահովումն է: Մենք շատ լավ պետք է աշխատենք և մինչև վերջ տանենք այս նախագիծը, որ այն քաղաքացիները, ովքեր լավագույն առաջարկներ կներկայացնեն և որոնք հենց մեր բնակիչները կընտրեն, ի վերջո, ի կատար ածվեն լավագույն որակով: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց ցանկությունն իրականություն է դառնում», – նշել է քաղաքապետը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել նաև հուլիսի 12-ին Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգի կազմակերպիչներին: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:

«Սա շատ կարևոր մշակույթի մի սկիզբ է. մեր մեծերին մենք պետք է մեր գնահատանքը փոխանցենք ոչ թե տարիներ հետո, այլ հենց հիմա»,-ասել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հանձնարարել է սկսել «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները: Հայկ Մարությանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցկացնել քաղաքի բոլոր վարչական շրջաններում համաչափ:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»:

Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում ավարտվել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն:

Ասֆալտապատվող փողոցներում երթևեկության անվտանգությունը երաշխավորելու համար կապալառու ընկերությունները պարտավոր են ապահովել համապատասխան ցուցանակների առկայությունը: Հանձնարարվել է լինել հետևողական այս հարցում:

Խորհրդակցության ժամանակ նաև տեղեկացվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա՝ 217 տղա, 209 աղջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս