Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը:
«Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ:
Արմեն Սարգսյանն այցելել է գորգագործման սրահ, հետաքրքրվել գորգագործների աշխատանքով և հետևել գորգի ստեղծման գործընթացին: Հանրապետության նախագահը եղել է նաև «Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանում», որտեղ ներկայացված են հին հայկական ավանդական գորգագործության ամենավառ ու հարուստ նմուշները։
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Արցախի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերի նմուշներին և պատմությանը։ Թանգարանում մասնավորապես ներկայացված է 160 տարեկան Վահանագորգն իր հուզիչ պատմությամբ՝ Ցեղասպանության ժամանակ ճարահատյալ մայրը, բաժանելով այն երկու մասի, տվել է իր աղջիկներին, որ վերջիններս իրար կորցնելու դեպքում կարողանան գտնել միմյանց: Այդպես էլ պատահել է. 50 տարի անց Նյու Յորքում քույրերն իրար վերագտել են շնորհիվ գորգի երկու հատվածների։ Թանգարանում պահվում է նաև աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը: Բնօրինակը ցուցադրվում է Էրմիտաժ թանգարանում։
«Մեգերյան կարպետ»-ի պատասխանատուները Հանրապետության նախագահին պատմել են ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման առաջիկա ծրագրերի մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը քաջալերել է նրանց գործունեություն ծավալել նաև Գյումրիում: