«Չեմ վիրավորվել, իրականում մի քիչ ծիծաղել եմ». Տաթևիկ Ռևազյանը՝ Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտության մասին
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն ուղղված «սիրուն աղջիկ» բնորոշումից իրեն վատ չի զգացել, սակայն լրագրողներին հորդորեց այդ բառակապակցությունը չօգտագործել իրենց դիմելիս։
«Իրականում ես ուրախացել եմ, որ այդպիսի բան է եղել, որովհետև Ազգային ժողովում լուրջ քննարկում է եղել, և հուսով եմ, որ դա մեծ փոփոխություններ կբերի Հայաստանին, որ ապագա կին պաշտոնյաները նույն խնդրի առջև չկանգնեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին խորհրդարանում Էդմոն Մարուքյանն իր ելույթում Տ. Ռևազյանին դիմել էր «սիրուն աղջիկ» անունով, որը բուռն քննարկման առիթ էր դարձել։
«Ես այս արտահայտությունից չեմ վիրավորվել, իրականում մի քիչ ծիծաղել եմ, հատկապես, որ «ArmComedy»-ում էլ էին հետաքրքիր բան պատրաստել։ Կարևոր է, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, որ մենք սովորենք՝ պաշտոնյան, անպայման չէ, որ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ՝ կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշերին չէի համապատասխանում մինչև քաղավիացիա ընդունվելը, որովհետև ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում: Մեծ տարբերություններ եմ զգում Հայաստանում և դրսում քննարկումների միջև: Երբ ես գնում եմ միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների, շփվում եմ, լրիվ հակառակ feedback ունեմ իրենցից: Ընդհանրապես չեն խոսում գեղեցկության մասին, որովհետև դա պրոֆեսիոնալ չի: Իրենք թույլ չեն տա նման բան անել»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը։
Զվարթ Խաչատրյան