«Մեր «կլասիկ» պատգամավորը, լայվ մտնելուց առաջ, լավ կլիներ՝ մեզ զանգահարեր». Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահը՝ Էդմոն Մարուքյանին
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ կատարվող չվերթերի արգելքին՝ նշեց, որ բոլոր ավիաընկերություններին կանչել են կոմիտե և փորձել են համոզել, որպեսզի Հայաստանն օգտագործեն տարանցիկ չվերթերի տարածք, որպեսզի ուղիղ չվերթերը շատանան։
«Այդ աշխատանքի արդյունքն այն եղավ, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել, ավիաընկերություններն ավելացրել են չվերթերը, նոր ուղղություներ են բացել, և այլն։ Այդ պատճառով էլ մեր «կլասիկ» պատգամավորը, որը մտնում է լայվ, մինչև դա անելը, մեկ անգամ զանգահարեր մեզ, որովհետև երբ նա լայվ էր մտնում, այդ նույն պահին մենք հարց էինք լուծում և կարող էինք տեղեկացնել, թե ինչ քայլեր ենք անում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթերը Գյումրիում ավելանան։ «Երեկ Վրաստանում դեպքեր են զարգացել, ընդդիմադիր ցույցեր, և վրաց-ռուսական հարաբերությունները վատանում են։ Երեկ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելել է օդային ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերել այդ չվերթերը»,- ասել էր է. Մարուքյանը։
Զվարթ Խաչատրյան