Արցախի և Հայաստանի ԱԺ-ների պետական-իրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ԱՀ-ի Ընտրական օրենսգիրքը

Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ողջունել է համատեղ նիստի կազմակերպումը՝ ընդգծելով երկրի համար կարևոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձևաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացման խոսքում կարևորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործնական կապերի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու արդյունավետ քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ:

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, որ սրանով գործնականում դրսևորվում է խորհրդարանների միջև համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման տեսնակյունից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ ապահովելով լայն մասնակցություն ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների:

Ներկայացնելով ԱՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը անդրադարձել է նաև խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին և պատասխանել երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերին:

Համատեղ նիստի արդյունքները ամփոփվել են հանձնժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031