Բաժիններ՝

«Ապագայի հետ կապված՝ Թուրքիան մտահոգություններ ունի, այդ պատճառով էլ ձեռք է բերել Ս-400  համակարգերը». Թուրքագետ

Ռուսաստանից Ս-400  օդային պաշտպանության համակարգերը արդեն տեղափոխել են Թուրքիա։

Ըստ Ռուսաստանի հետազոտական ինստիտուտի տարածած հայտարարության՝ համակարգերի հետ միասին Թուրքիա են մեկնել նաև ռուս մասնագետներ:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրքիայի կողմից ռուսական այս համակարգերի գնումն այդքան էլ ռազմական համագործակցություն չէ Ռուսաստանի հետ։
«Սա ավելի շատ կապված է երեք երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք փորձում են իրար դեմ ինչ-որ քայլեր իրականացնել, փորձում են՝ մեկը մյուսին ճնշել, այդ երեք երկրներից որևէ մեկը չի նահանջում, այստեղ նման խաղեր են գնում»,- ասաց թուրքագետը։

Ըստ նրա՝ հետաքրքիր է Թուրքիայի կողմից օդային պաշտպանության համակարգերի գնումն այն առումով, որ, եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա հարց է առաջնում, թե ո՞ր երկիրը պետք է հարձակվի նրա վրա, որպեսզի օգտագործի այդ համակարգերը։
«Դրանք հակաօդային զենքեր են, ո՞ր երկիրը պետք է օդային ճանապարհով հարձակվի Թուրքիայի վրա, որ նա օգտագործի, այդ պատճառով էլ չեմ կարծում, որ Թուրքիան այդ համակարգերի կարիքն ունենա։ Այստեղ հարց է առաջանում, թե Թուրքիան ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, որ գնել է այդ համակարգերը։ ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար արդեն երաշխիք է»,- նշեց թուրքագետը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի հակառակորդը Սիրիան է, Իրաքը կամ, ըստ այդ երկրի՝ Հայաստանն ու Իրանը կարող են լինել, սակայն Հայաստանն օդային հարձակման կարողություններ չունի, իսկ Իրաքն ընդհանրապես մտադրություններ չունի որևէ հարձակում կատարել Թուրքիայի վրա, քանի որ ընկղմված է բազմաթիվ խնդիրների մեջ։
«Մնում է միայն Իրանը, որը, իհարկե, ունի հարձակման հնարավորություններ, բայց Իրան հարձակվելու դեպքում պետք է Թուրքիան ինչ-որ արարքներ թույլ տա։ Այս ամենից հետո կրկին հանգում ենք այն եզրակացության, որ Թուրքիայի մտահոգությունները կապված են ապագայի հետ, ուստի որոշել է գնել  պաշտպանության այդ համակարգերը։ Թե ի՞նչ մտավախություններ ունի՝ դժվար է ասել»,- շեշտեց թուրքագետը։

Նա նաև նկատեց՝ այդ համակարգերից Հայաստանը չպետք է զգուշանա, քանի որ որևէ վտանգ չի սպառնում։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս