«Մարդուն ոչ թե ձուկ պետք է տան, այլ սովորեցնեն ձուկ բռնել». Վարչապետ
«Լավ է, որ կան նաև այնպիսի մարդիկ, որոնք որոշում են ոչ թե Նոր տարուց առաջ բրինձ, տոմատ, լիմոնադ գնել ու բաժանել մարդկանց, քանի որ Հայաստանում նման բան անում էին, ինչ-որ բան ստանալու համար՝ ընտրություններին՝ ձայն, վճարովի հանրահավաքին մասնակցություն և տարբեր կարգի այլ ծառայությունների համար։ Բայց Հայաստանում նման տասնյակ-միլիոն դոլարներ են ծախսվել ձեզ հայտնի մարդկանց կողմից, բայց նրանցից ոչ մեկն այս կենտրոնի կեսի չափ կենտրոն չի ստեղծել»,- այսօր Լոռու մարզում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նշված մարդիկ ցանկացել են նման կերպ այնպես անել, որ երեխաները չհավատան իրենք իրենց, այլ հավատան հարուստ, ջիպով օլիգարխներին։
«Իսկ նման կենտրոններն օգնում են երեխաներին, որպեսզի նրանք հավատան իրենք իրենց, ինչը նշանակում է, որ նրանք գնալու են, ընտրություններին ոչ թե՝ քվեարկեն ինչ-որ մեկի օգտին, ում համար իրենց ասում են, իրենց ծնողները դեռ առաջիկայում նման կերպ են քվեարկելու, հեղափոխության էյֆորիայի տակ ճիշտ է… Սա է երկու մոդելների տարբերությունը: Մի մոդելը մարդուն գցում է կախվածության մեջ պսևդո կամ իրական լիդերներից, իսկ երկրորդ մոդելը տալիս է գործելու, ստեղծագործելու ազատություն»,- շեշտեց վարչապետը։
Ըստ նրա՝ պետք է մտածել, թե ինչպես պետք է ազատվեն առաջին մոդելից, և մարդուն ոչ թե ձուկ պետք է տան, այլ սովորեցնեն ձուկ բռնել։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այսօր շատ մարդիկ կան, որոնք հեղափոխությունն ընկալում են հետևյալ կերպ, որ, եթե նախկինում Ամանորից առաջ իրենց 2 շիշ լիմոնադ էին տալիս, այսօր պետք է տան 4 շիշ։
«Բայց մենք ասում ենք՝ ոչ, ուզում ենք, որ մարդն արժանապատիվ աշխատանքով վաստակի իր լիմոնադը, մի լիմոնադ էլ պետբյուջեին որպես հարկ վճարի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան