Ինչի՞ն է ուղղվելու ադրբեջանական պաշտպանության ոլորտին հատկացվող շուրջ 85 մլն դոլարը
Ադրբեջանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել 2019թ. պետբյուջեի օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Օրինագիծը վերաբերում է, այդ թվում՝ պաշտպանությանը հատկացվող ծախսերի 4.9 տոկոսով ավելացմանը՝ 150 մլն մանաթի չափով:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի բյուջեն մնացել է անփոփոխ՝ պարզապես բաժիններին հատկացվող բյուջեների վերաբաշխումն է փոխվել. «150 միլիոն մանաթ՝ շուրջ 85 միլիոն դոլար կրճատել են՝ սոցիալական ապահովության, և ավելացրել պաշտպանական ոլորտին հատկացվող ծախսերին»:
Մեզ հետ զրույցում ադրբեջանագետը հիշեցրեց, որ որոշումն Ադրբեջանում դեռևս հունիսին էր քննարկվում, և այն ժամանակ արդեն նշվում էր, որ զինծառայողների աշխատավարձերն են ցանկանում բարձրացնել. «Չնայած իրենց բյուջեն բավականին մեծ է, բայց իրենց զինծառայողների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում հայկական բանակի զինծառայողների աշխատավարձերից:
Բացի այդ՝ 2015թ. վերջից, 2016 թվականից իրենց մոտ մանաթի կտրուկ արժեզրկում էր տեղի ունեցել (առնվազն երկու անգամ արժեզրկվել էր իրենց տեղական արժույթը), որից հետո ընդամենը տասը տոկոս էին զինծառայողների աշխատավարձերը բարձրացրել: Այսինքն, ըստ էության, հիմնականում դրան է ուղղված լինելու այդ գումարը»:
Զարուհի Դիլանյան