«ՀՀ-ի էներգետիկ վթարի ժամանակ Ադրբեջանը տպավորություն էր ուզում ստեղծել, որ այնպիսի տեխնոլոգիաների է տիրապետում, որ կարող է մեկ օրվա ընթացքում ծնկի բերել Հայաստանը». Ադրբեջանագետ
«Ադրբեջանի հայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը գործնականում շարունակում է պատերազմի պատրաստվել և զինվել մինչև ատամները:
Ավելին, Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայկական քարոզչությունն ու տեղեկատվական պատերազմը: Վառ օրինակը համացանցի ադրբեջանական հատվածի արձագանքն է վերջերս Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:
«Անգամ սկսել էին քննարկել և խոսել այն մասին, որ իրենք են նոր զենք փորձարկել: Ադրբեջանն առայժմ այդպիսի տեխնոլոգիաներ չունի, բայց չի թաքցնում, որ ձգտում է ձեռք բերել:
Հայկական կողմը լրջագույն անելիքներ ունի. պետք է թույլ չտալ, որպեսզի այդպիսի իրավիճակները, որոնք իրոք սպառնալիք են ազգային անվտանգությանը՝ անկախ իրենց ծագումից, կրկնվեն: Մեր երկիրը, որ գտնվում է այս բարդ տարածաշրջանում և պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ, իրավունք չունի այդքան երկար ժամանակահատվածով կտրված լինել աշխարհից: Չէին գործում կապի որոշ միջոցներ: Դա ուղղակի սպառնալիք է: Ամեն վայրկյանը կարող է վճռորոշ լինել: Պետք է հետաքննենք և պարզենք իրական պատճառներն ու հետևություններ անենք, ամեն ինչ անենք, որ նման բան չկրկնվի: Սա մեզ համար անթույլատրելի ճոխություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ այդ տեղեկատվական արտահոսքն ադրբեջանական կողմը հատուկ էր կազմակերպել:
«Պատրվակ էին ուզում ստեղծել, որ Ադրբեջանն այնպիսի տեխնոլոգիաների է տիրապետում, որ կարող է մեկ օրվա ընթացքում ծնկի բերել Հայաստանը: Դա լրջագույն հոգեբանական աշխատանք է: Իրենք կոնկրետ հայագիտական կենտրոններ ունեն, որոնց աշխատակիցներն իրենց աշխատավարձն իզուր չեն ստանում՝ ի տարբերություն մեր երկրի: Մենք չենք հետևում, թե ինչ է կատարվում նրանց երկրում, պետական մակարդակով այս ուղղությամբ աշխատանք չի տարվում: Ադրբեջանի ներքաղաքական կյանքում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, իսկ մենք ոչինչ չենք անում»,- նշեց ադրբեջանագետը:
Անի Կարապետյան