Ստյոպա Սաֆարյանը կառավարությունում աշխատանքի՞ է անցել
Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կառավարությունում աշխատանքի է անցել, բայց ոչ թե գործադիրի կազմում, այլ աշխատակազմի ՊՈԱԿ-ներից մեկում: Իսկ նրա գործառույթը, ըստ մեր աղբյուրի՝ տեղեկատվական դաշտում «խաղալն է՝ հանուն իշխանությունների հայտարարած բարեփոխումներն արդարացնելու»: Ըստ մեր հավաստի աղբյուրի՝ սոցցանցերում և մամուլում Ստյոպա Սաֆարյանը պետք է հասարակական կարծիք ձևավորի հեղափոխական իշխանության համար: Այնինչ ներքաղաքական շրջանակներում խոսում էին որևէ երկրում դեսպան նշանակվելու նրա ցանկության մասին, որը, փաստորեն, չի ստացվում։ Սաֆարյանը, իհարկե, մամուլում հերքել է այդ լուրերը։ Այսինքն՝ իշխանությունը քաղաքագետի ներուժը, թերևս, այս «ֆրոնտում» է պետք համարել:
Փորձեցինք մեր ստացած տեղեկությունը հաստատել կամ հերքել նրա հետ ուղիղ կապի միջոցով, սակայն Ս. Սաֆարյանը մեզ այդ հնարավորությունը չտվեց: Ֆեյսբուքում, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով ակտիվ վերլուծաբանը սկզբում ասում էր՝ «ժամանակ չունեմ», հետո էլ հրաժարվեց հարցազրույց տալ հեղինակին: 168.am-ից օրեր անց մեկ այլ լրագրողի զանգերին պատասխանեց Ստյոպա Սաֆարյանը, բայց դարձյալ հրաժարվեց կոնկրետ հարցադրումից՝ պատճառաբանելով, թե նման անուն-ազգանունով լրագրողի չի ճանաչում: Այն դեպքում, երբ այդ լրագրողը բազմիցս լուսաբանել է նրա խոսքը։ Ուստի, մեզ մնում է միայն հրապարակումից հետո ակնկալել պարոն Սաֆարյանի պարզաբանումը, թե որքանո՞վ է հավաստի մեր լուրը, ի՞նչ ֆորմատով է համագործակցում «Կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (քաղ-իրավական պայմանագիր, ծառայությունների մատուցման պայմանագիր), արդյո՞ք իր գործառույթների մեջ մտնում է ներդրվող վեթինգի ինստիտուտի ներդրման քարոզչությունը, կամ քաղաքական իշխանության գաղափարների տարածումն ընդհանուր առմամբ:
Ի դեպ, հաջորդ քաղաքական վերլուծաբանը, ում կարիքը զգացել է մերօրյա իշխանությունը՝ դարձյալ քարոզչական դաշտում, ասվում էր՝ Ռուբեն Մեհրաբյանն է: Ռուբեն Մեհրաբյանը հերքեց իր մասով Կառավարության հատկապես այդ ՊՈԱԿ-ի հետ համագործակցության մասին լուրը և ասաց, որ «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտն» էլ չունի ծառայության մատուցման պայմանագիր ՊՈԱԿ-ի հետ:
«Մենք մեր ծրագրերով ենք առաջնորդվում, և Ձեր նշած տեղեկատվական ՊՈԱԿ-ի հետ էլ հարաբերություններ չունենք»,- կարճ ասաց Ռ. Մեհրաբյանը:
Բազմիցս փորձ արեցինք կապի դուրս գալ նաև տվյալ ՊՈԱԿ-ը ղեկավարող անձի հետ՝ Հովհաննես Մովսիսյանի, սակայն լրագրողական համայնքից՝ «Ազատություն» ռադիոկայանից կառավարություն մտած պաշտոնյան, ինչպես միշտ, մեր զանգերին չպատասխանեց: Կառավարության պաշտոնական կայքում նրա ընդունարանից համարներ չհայտնաբերվեցին, Հովիկ Մովսիսյանը հարկ չէր համարել նաև «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնում իր տվյալները գրանցել, իսկ նախկինից մնացած քաղաքային հեռախոսահամարներն այլևս չեն գործում:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ