Բաժիններ՝

Բազմաբնակարան շենքերի արդյունավետ համակարգ ստեղծելու համար «Լույս» խմբակցությունը նախաձեռնել է քննարկումների շարք

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բազմաբնակարան շենքերի արդյունավետ համակարգ ստեղծելու համար նախաձեռնել է քննարկումների շարք՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Ներկայացնելով ստեղծվելիք համակարգի մանրամասները՝ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասաց, որ համակարգի համար առաջարկում են 7 սկզբունք՝ առաջինը համատիրությունների ռեստարտն է՝ նոր համատիրությունների ընտրությունը։

«Երկրորդ սկզբունքը վերաբերում է մասնավոր կառավարիչների ներգրավմանը։ Հաջորդը կառավարիչների կողմից մատուցվող չափանիշերին է վերաբերում, քանի որ շենքերը պետք է փաստաթղթավորվեն, դրանց համար անձնագրեր կազմվեն։ Մենք առաջարկում ենք 7 սկզբունքներ, դրանց շարքին են պատկանում նաև կառավարիչների հաշվետվողականությունը և թափանցիկությունը։ Մենք դեռ չենք հաշվարկել, թե, օրինակ՝ դրանց վճարները 5 հարկանի շենքի և բազմահարկի՝ վերելակ ունեցող շենքի համար նո՞ւյնը կլինի, թե՞ կփոխվի»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ այստեղ հիմնական խնդիրն արդյունավետությունն է, իսկ մյուս հարցերը կորոշեն բնակիչները։

Ինչ վերաբերում է 7 սկզբունքներին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ դրանք վերջնական չեն, կլսեն բոլոր կողմերի կարծիքները, սակայն դրանք ամենահիմնական կետերն են։
Թեհմինա Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջին քննարկումները սկսելու են նախ՝ ավագանուց. առաջին հանդիպումն արդեն կայացել է ավագանու ԲՀԿ խմբակցության հետ։

«Քննարկումներ կիրականացնենք նաև «Իմ քայլը» խմբակցությունում, այնուհետև՝ Ազգային ժողովի խմբակցությունների հետ, համատիրություններում ու Արդարադատության նախարարությունում։ Մենք գրի ենք առնելու բոլոր մոտեցումները»,- հավելեց Թ. Վարդանյանը։

Ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի, բազմաբնակարան շենքերի և համատիրությունների մասին օրենքների  մասով 2002 թվականին տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, սակայն դրանցով ոլորտը չի կարողացել կարգավորվել։

«Ակնհայտ է, որ այս երկու օրենքները չեն կարող կարգավորել բնակիչների և համատիրությունների փոխհարաբերությունները, քանի որ օրենքն արդյունավետ չի գործում, և դրա հետևանքով կա փոխադարձ անվստահություն, և բազմաբնակարան շենքերի պահպանման վիճակի խիստ վատթարացման վրա, որն էլ ազդում է բնակֆոնդի վրա։  Մենք ցանկանում ենք սկսել քննարկումների շարք համատիրությունների հետ նախագծի։ Զարմանալի է, որ այս նախագծի ամենաշահագրգիռ կողմը՝ Երևանի քաղաքապետարանը, դեռևս չի նախաձեռնել փոփոխություններ»,- շեշտեց պատգամավորը։
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ ընդգծեց, որ ներկայիս օրենքը պարզապես չի գործում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս