«Օդում կախված լուրերի համաձայն՝ էլ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում. հրաժարական է տվել, բայց այդ մասին չեն ասում…». Երևանի ավագանու նախկին անդամ

«Ես և՛ այն ժամանակ, և՛ հիմա ազատ խոսել եմ, ինձ ոչ ոք չի ասել՝ մի խոսիր.  ես միշտ խոսում եմ տրամաբանված, փաստերով, գուցե դա է ինձ պաշտպանում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ տարբերություններ է տեսնում ներկա ու նախորդ իշխանությունների միջև:

Ըստ Մ. Խաչատրյանի՝ միակ անհանգստացնող միտումը մամուլի ազատության վրա հնարավոր հարձակումն է.

«Մամուլի ազատությունը վտանգված է.  ինչպես հարձակում տեղի ունեցավ օրենսդիր մարմնի վրա, գործադիր մարմնի վրա, դատականի վրա, հաջորդը մամուլն է, մյուսը ժողովուրդն է, ու վերջ»:

Ներկաների ու նախորդների տարբերությունների ու նմանությունների մասին Երևանի ավագանու նախկին անդամը ներկայացրեց մի քանի դրվագներ.

«…Նախորդների ժամանակ ԱԺ-ում գողականներ էին, այժմ՝ մանկապատանեկան խմբակն է նստած, բայց ինչպես նախկինում, այսօր էլ կան ադեկվատ կորիզներ: Ուղղակի նրանք փորձված էին, ճանապարհ անցած մարդիկ էին՝ կարողանում էին մի զանգով հարցեր լուծել, նորերը դա էլ չեն կարողանում»:

Նախորդ իշխանություններին վերագրվող յուրացումներին անդրադառնալով՝ նա նշեց.

«Սպորտի, առողջապահության ոլորտների համար հսկայական գումարներ էին նախատեսում՝ յուրացնում էին… Սրա՞նք ինչ են անում. սրանք էլ են յուրացնում. ես ունեմ տեղեկություն, օդում կախված լուրեր, որ Հայկ Մարությանը նույն «ՍանիՏեքի» հետ գործարքի մեջ է: Ընդհանրապես օդում կախված լուրերի համաձայն՝ Հայկ Մարությանը չի պաշտոնավարում. հրաժարական է տվել, բայց այդ մասին չեն ասում: Պետք է պարզել՝  գուցե սուտ է, գուցե՝ ճիշտ է…»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս