ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներին

Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է: Եվրամիությունը Անկարային կրկին զգուշացում է արել: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber»-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է. «Չնայած որ ցանկանում ենք Թուրքիայի հետ շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները, այնուամենայնիվ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի ինքնավարությունը խախտելուն ուղղված Թուրքիայի քայլերը պատճառ հանդիսացան, որ ԵՄ-ն հանդես գա համերաշխության կոչով»:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնելով, որ այդ շրջաններում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելը մտահոգիչ է, պատժամիջոցներ կիրառելու հետ կապված նախազգուշացում էր արել:

Հունաստանի արտաքին գործերի նորընտիր նախարար Նիկոս Դենդիասը «Euronews»-ին փոխանցած հայտարարության մեջ անդրադարձել էր այս թեմային:

«Թուրքիան քայլեր իրականացնելուց առաջ պետք է նախ հաշվի առնի, որ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ անդամ և ինքնիշխանություն ունեցող երկիր է: Միջազգային իրավունքին հակառակ քայլեր իրականացնելով՝ Թուրքիան ոչինչ չի շահի», – նշել է նա:

Անկարան անպատասխան չի թողել այս զգուշացումները և հայտարարել է, որ հորատման աշխատանքները շարունակվելու են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երաշխավոր երկրներից բացի՝ բոլոր մյուս երկրների հայտարարություններն ու զգուշացումները իրենք անտեղի են համարում:

Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:

Տեսանյութեր

Լրահոս