Բաժիններ՝

Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի հուլիսի 13-ին Երևանի քաղաքային պանթեոնում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորը վշտով հայտնում ենք, որ հունիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում` իր անգնահատելի ներդրումն ունենալով այդ գործում։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ․՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։

1991թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ․ համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ․ նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ․ նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։

Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների․ 2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Անվանի պատմաբանի, փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Կիրակոսյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս