Սահմանադրական դատարանը մասամբ վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումը

Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին աշխատակարգային որոշմամբմասամբ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Մասնավորապես, վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։

Բացի այդ, ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Մերժվել է նաև Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցը։

Գործով զեկուցող է նշանակվել 7 դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը։

Այս գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս