«Հետևանքները բացասական են լինելու». ԱՄՆ-ի զգուշացումը Թուրքիային
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե ռուսական համակարգերը հանձնվեն թուրքական կողմին։
Հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով. «ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը Թուրքիային մատակարարվելիք S-400-ների հարցում։ Եթե ռուս-թուրքական պայմանագիրն ավարտին հասցվի, ապա Անկարայի համար բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն»։
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ CAATSA օրենքի շրջանակներում:
CAATSA – պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական համակարգերը թուրքական կողմին կհանձնվեն մինչև հուլիսի առաջին կեսը։