Բաժիններ՝

«Հոսանքազրկումների պատճառը տրանսֆորմատորի վթարն է»

Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը՝ հերքելով տարածված լուրերը, թե հոսանքազրկումների պատճառը ԱԷԿ-ից սնուցվող բարձր լարման գծի վնասվածքն է, և Հայաստանում ընդհանուր հոսանքազրկում պետք է արվի, որպեսզի վթարը վերացվի։

«ԱԷԿ-ում ոչ մի խնդիր չունենք: Ավելին՝ ԱԷԿ-ը հունիսի մեկից կանգնած է վերանորոգման, էլեկտրաէներգիա չենք արտադրում: Որևէ պրոբլեմ չունենք: Համակարգում վթար է եղել, աշխատում են այդ ուղղությամբ, իմ տեղեկություններով՝ մինչև երեկոյան ժամը 7-ը կվերականգնվի»,- ասաց Վ.Պետրոսյանը:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամլո քարտուղար Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացնում, որ հնարավորինս սեղմ ժամկետում կայանը վերականգնի աշխատանքը: Նա չկարողացավ նշել վթարի պատճառների մասին:

Երևանի ՋԷԿ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսահամարն անջատված է, կապ հաստատել չհաջողվեց:

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչներից մեկը տեղեկացրեց, որ պատճառը տրանսֆորմատորի վթարն է, որի համար պատասխանատու է հենց Օպերատորը: Աշխատակիցը հավաստիացրեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում համակարգում խափանումը վերացնելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս