«Ստամբուլյան կոնվենցիան վավերացրած բոլոր երկրներում վերանայվել է ընտանիք կազմելու իրավունքի բովանդակությունը». Գևորգ Դանիելյան
ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան ընդունվել է 2011թ. մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում, այստեղից էլ՝ «Ստամբուլյան կոնվենցիա» պայմանական անվանումը: Կառավարության և Ազգային ժողովի պատասխանատուները հայտարարում են, որ այդ կոնվենցիայի վավերացումն օրակարգային հարց է, մինչդեռ դրա վերաբերյալ գնահատականներն ակնհայտ միանշանակ չեն, և ոչ միայն՝ Հայաստանում: Այս նկատառումով էլ մի քանի հարցեր ուղղեցինք ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանին:
– Պարոն Դանիելյան, ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ ԵԽ անդամ երկրների դիրքորոշումը:
– Սա այն կոնվենցիաներից է, որ ԵԽ-ի անթաքույց մեծ ջանքերի պարագայում անգամ, արդյունքները խիստ հակասական են: Ստորագրման պահից անցել է մոտ 8 տարի, ներկայումս 47 երկրից Ստամբուլյան կոնվենցիան ընդհանրապես չեն ստորագրել Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ չի վավերացրել 11 երկիր՝ Հունաստանը, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Մոլդովան, Ուկրաինան և այլն: Ընդ որում, Բուլղարիայի Սահմանադրական դատարանն այդ կոնվենցիան ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Հայաստանն այն ստորագրել է 2018 թ. հունվարի 18-ին:
– Այո, Հայաստանը մեծ ուշացումով է ստորագրել այդ կոնվենցիան, սակայն դրանից բխող օրենսդրական ակտերը՝ կապված ընտանիքում բռնության կանխարգելման հետ, վաղուց են ընդունվել և գործում են:
– Արդեն մի քանի տարի է, ինչ ուշադրությամբ հետևում եմ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենսդրության մշակման ու ներդրման գործընթացներին, ընդ որում, հանրային իշխանությունների կողմից ավելի ընդգծված հետևողականություն և ներուժի ներդրման նկրտումներ, քան այս ոլորտում է, դժվար է հանդիպել իրավաստեղծ գործունեության մեկ այլ ուղղությունում: Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտոնական արձագանքների արդյունքում դրանց որոշ դրույթներ մասամբ մեղմվեցին, սակայն ավելին հնարավոր չեղավ անել, օրինակ, այդպես էլ համառորեն պահպանվեցին «փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող» և նմանաբնույթ այլ արտահայտությունները:
Այս օրենսդրական զարգացումներին դեմ արտահայտվողներին հրամցնում են սին ու խնդրի հետ որևէ անմիջական կապ չունեցող այնպիսի «ստանդարտ» փաստարկներ, ինչպեսիք են՝ ա) ծանոթ չեն օրինագծերին (մինչդեռ հանրային քննարկումները ճիշտ հակառակն էին ապացուցում), բ) որևէ վտանգավոր, առավել ևս՝ Սահմանադրությանը հակասող դրույթներ չկան, ինչին առավել հանգամանորեն կանդրադառնանք ստորև, գ) կոնվենցիան ու դրան համահունչ օրենքները քննադատելն իբր առավել կարևոր հարցերից սոսկ հանրությանն ուշադրությունն անհարկի շեղելու նպատակով է արվում, և այլն:
Նախ՝ Ստամբուլյան կոնվենցիայի անխոցելիության, մասնավորապես, դրա հետագա իրավական ընկալումների և օրենսդրական հարթությամբ իրացման մասին միանշանակ դատողություններով ու գնահատականներով հանդես են գալիս, հիմնականում, մասնագիտությամբ ոչ իրավագետ պաշտոնյաները, ինչն արդեն տարակուսելի է: Ինչ վերաբերում է այն սակավաթիվ իրավաբանների դիրքորոշումներին, որոնք, մեղմ ասած, իրենց պաշտոնական կարգավիճակով կաշկանդված են ու փաստորեն չեն կարող անաչառ դատողություններ անել, ինքս փորձում եմ ըմբռնումով մոտենալ, ոչ ավելին:
– Պաշտոնական աղբյուրները տարակուսում են, որ անտեղի է անհանգստությունը, քանզի Ստամբուլյան կոնվենցիան որևէ վտանգավոր կամ հակասահմանադրական դրույթ չի բովանդակում:
– Կոնվենցիայի մասին դատողություններ անելիս հաճախ նշում են, թե իբր այն բացարձակապես չի ենթադրում «ընտանիք» եզրույթի ավանդական բնորոշումից ու պատկերացումներից որևէ շեղում, թե իբր պետությունը պարտավորված չի լինելու վերանայել «ընտանիք» եզրույթի իրավական բնորոշումը, մինչդեռ գործող օրենսդրությամբ արդեն իսկ նույն հարթության վրա են դրված «ընտանիք» և «փաստացի ամուսնական հարաբերություններ» եզրույթները՝ անտեսելով, որ վերջիններիս կարելի էր բռնությունից պաշտպանել՝ առանց նրանց ընտանիքի անդամի հետ «շփոթելու»: Այս առնչությամբ մի պարզ դիտարկում՝ այո, կոնվենցիայի վերտառությունը, թերևս, վերաբերում է միայն կանանց նկատմամբ և ընտանիքում բռնությանը, սակայն հարկ է նկատել, որ այդ միջազգային իրավական ակտի 3-րդ հոդվածում «ընտանիք» եզրույթը նույնացվում է, այսպես կոչված՝ «զուգընկեր» եզրույթի հետ, և ընտանիքի անդամների համար նախատեսված երաշխիքները հավասարապես տարածվում են զուգընկերներից բաղկացած ընտանիքների վրա: Ընդդիմախոսները կարող են պնդել, թե խոսքը սոսկ նույնական իրավական պաշտպանության մասին է, սակայն պնդումներ անելուց առաջ, նախ՝ հարկավոր է տեղյակ լինել, թե ինչպես է այդ դրույթն ընկալվում ու մեկնաբանվում միջազգային իրավասու մարմինների կողմից և այդ Կոնվենցիան վավերացրած երկրներում: Եվ խոսքն այն երկրների մասին է, որոնք դա վավերացրել են դեռ 6-7 տարի առաջ, ընդ որում, բոլոր այդ երկրներում վերանայվել է ընտանիք կազմելու իրավունքի բովանդակությունը:
Վերջին հաշվով, դուք չեք կարող հանրությանը հրամցնել Ձեր «ազնիվ խոսքի» վրա հենված սուբյեկտիվ դատողությունները, իսկ հետո տարաբնույթ բացատրություններով խոստովանեք, որ վավերացնելուց հետո այլևս չեք կարող շեղվել միջազգային պրակտիկայից: Չմոռանանք, որ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (ընդգծումը մերն է)»: Պա՞րզ դարձավ, որ ներքին լսարանի համար նախատեսված հայտարարությունները երկար կյանք չեն կարող ունենալ: Այսպիսով, որ պահից Ստամբուլյան կոնվենցիան վավերացվեց, այդ պահից մեզ համար հիմք են ոչ թե մեր պաշտոնյաների մեկնաբանությունները՝ ինչ ազնիվ մղումով էլ դրանք թելադրված լինեն, այլ միջազգային իրավասու մարմինների պրակտիկան: Ընդ որում, միջազգային պրակտիկան Սահմանադրությամբ միանգամայն իրավաչափորեն է կարևորվել, քանզի առնվազն տարօրինակ կլիներ այն անտեսելը:
Սոցցանցերում մեկն ինձ արձագանքել էր, թե 8 անգամ կարդացել է և այդպես էլ որևէ վտանգավոր դրույթի չի հանդիպել: Հարգելիներս, միևնույն նյութը պետք չէ այդչափ շատ կարդալ, հարկ է խնդիրն ընկալել լայն դիապազոնով, ինչին մասամբ անդրադարձա վերևում, պետք է առնվազն անհրաժեշտ աղբյուրներն ուսումնասիրել, համադրել և համարժեք եզրակացություններ անել:
– Բայց ի՞նչ խնդիր կարող է ծագել, եթե Սահմանադրությամբ արգելվում է համասեռամոլների կողմից ընտանիք կազմելը և երեխաներ որդեգրելը:
– Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված է ընտանիք կազմելու իրավունքը. «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Այս դրույթը, թերևս, միանշանակ, բացառում է համասեռամոլների համար ընտանիք կազմելու իրավունքը, սակայն անգամ այս նորմի պարագայում հայտնվում են իրավաբաններ, որոնք գտնում են, որ դա սոսկ իրավունք է, սակայն մարդու ազատ գործելու իրավունքից, այն է՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, բխում է, որ ընտանիք կազմելն արգելված չէ համասեռամոլների համար: Այսպիսի տեսակետ հայտնեց, օրինակ, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցած թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Հավելեմ, որ այդ թեկնածուն բնավ կողմնակից չէր համասեռամոլներին այդպիսի իրավունք վերապահելուն, պարզապես գտնում էր, որ Սահմանադրությունը, իր պատկերացմամբ՝ դա չի բացառում:
Սա ասացի նրա համար, որ որևէ մեկին չթվա, թե անհիմն անհանգստություն ենք հնչեցնում, ճիշտ հակառակը՝ տեսնում ենք անհանգստանալու իրական հիմքեր, և այս իրավական մշակույթի պայմաններում խիստ անհանգստացնող է նաև այն, թե ինչպիսի իրավական դիրքորոշում կնախընտրի Սահմանադրական դատարանը, քանզի այդ բարձրագույն դատական ատյանի նկատմամբ ձևավորված մթնոլորտը ճգնաժամային չէ, բայց և առողջ էլ չես անվանի: Թերևս, նաև այսպիսի կարևոր փաստաթղթերի քննարկման հրամայականն է պահանջում, որ օր առաջ դադարեցվեն Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը խոչընդոտող ակցիաները:
– Վտանգի մասին խոսելով՝ Դուք նկատի ունեք Սահմանադրությանը հակասելո՞ւ հանգամանքը, թե՞ կան նաև այլ որակի խնդիրներ:
– Սահմանադրությանը հակասելու փաստարկը նշում եմ, որպեսզի գոնե այս միանշանակ ասպեկտով կանխենք այդ խիստ խոցելի միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը, սա բանավեճի հարմար նյութ չէ: Իսկ իրական վտանգը բազմապատիկ մեծ է, և բոլոր նրանք, ովքեր խոսում են իբր թե արհեստածին, հանրության ուշադրությունն առավել կարևոր հարցերից շեղելու թեմայի մասին, ապա թող իրենք իրենց հարց տան, թե բռնության կանխարգելման պատրվակով հանրության բարոյական հիմքերը խաթարելու պարագայում նույն այդ հասարակությունն ի զորու կլինի՞ պաշտպանել էլ ավելի վտանգավոր ու անկասելի արտաքին բռնությունից իր Երկիրը: Սա, բառիս բուն իմաստով, նշանակում է՝ Երկրի արժեհամակարգն ըմբռնող ու այն պաշտպանելու ունակ զինվորի փոխարեն՝ պատրաստել սահմանափակ մտածողությամբ և որևէ վտանգի դիմակայելու անընդունակ, զուտ պահանջատեր քաղաքացիներ:
– Հայտնի է, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը Ստամբուլյան կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական, ինչի՞ արդյունք է այդ ինքնատիպ դիրքորոշումը:
– Շատերին կարող է թվալ, թե Բուլղարիայի Սահմանադրության նորմերն են հնարավորություն տվել այդ երկրի Սահմանադրական դատարանին՝ Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար: Սակայն որքան էլ զարմանալի լինի, Բուլղարիայի Սահմանադրությունն այդ տեսանկյունից նկատելիորեն զիջում է Հայաստանի Սահմանադրությանը, պարզապես այդ երկրում ձևավորվել է համարժեք մթնոլորտ: Իհարկե, այդ զարգացումները մեծամասամբ թելադրված էին քրիստոնեական արժեքներով, որոնք հետևողականորեն պաշտպանում էր Եկեղեցին, սակայն չանտեսենք, որ ոչ պակաս եռանդով այդ երևույթների դեմ դուրս է եկել նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և այս օրերին էլ շարունակում է իր առաքելությունը: Սա վստահեցնում եմ՝ լինելով Հայ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
Ինչևէ, Բուլղարիայում «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը հաշվարկել էր, որ շատ արագ այդ կոնվենցիան կվավերացվի խորհրդարանում, սակայն նույնքան արագությամբ պարզ դարձավ, որ քաղաքական ու քաղաքացիական ուժերը, ինչպես նաև Եկեղեցին ու Սահմանադրական դատարանը, թերևս, այլ կերպ են մտածում: Քաղաքագետները նշում են, որ Սահմանադրական դատարանը մեծ ծառայություն մատուցեց իշխանություններին, որոնք չէին համարձակվում չվավերացնել այն: Ի դեպ, ոչ միայն Բուլղարիայում, այլև Սլովակիայում այդ կոնվենցիան անվանում են «Տրոյական ձի»:
Ընդ որում, այդ երկրի Սահմանադրական դատարանը հանգել է այն եզրակացության, որ կոնվենցիան բովանդակում է ակնհայտ ներքին հակասություններ, ինչն աղերսներ ունի դրանով հռչակված սկզբունքների հետ:
Մի առիթով նկատել եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրությանը հակասում է ոչ միայն՝ ընտանիք կազմելու իրավունքի ասպեկտով, այլև՝ առավել կարևոր փաստարկներով: Առաջիկայում մի համալիր հետազոտություն կներկայացնեմ հանրության ուշադրությանը, իսկ այս փուլում նկատեմ միայն, որ, իմ խորին համոզմամբ, այդ կոնվենցիան հակասում է նաև Սահմանադրությամբ ամրագրված երեխայի իրավունքներին, մասնավորապես, երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Այս նորմը, որն իր արտացոլումը ստացել է նաև միջազգային իրավական փաստաթղթերում, պարտավորեցնում է, որպեսզի հանրային իշխանությունները ոչ թե ցանկացած հարցում անվերապահորեն առաջնորդվեն սոցիալական այս կամ այն խմբի շահերով, այլ ելակետ ընդունեն, որ բոլոր այն դեպքերում, երբ դրանք բախվում են, մրցակցում են երեխաների իրավունքների հետ, ապա պետք է գերակայեն երեխաների իրավունքները: Նկատենք, որ ճանաչված միջազգային փորձագետների կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ համասեռամոլ ընտանիքներում որդեգրված երեխաները, որպես կանոն, ձեռք են բերում հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ:
Ասվածը վկայում է այն մասին, որ համասեռամոլների իրավունքների մասին խոսող տարաբնույթ գործիչները պետք է ի զորու լինեն պատասխանելու առնվազն հետևյալ հարցին՝ իսկ ինչպե՞ս վարվել, երբ այդ իրավունքների անվերապահ իրացման արդյունքում տուժում են երեխաների լավագույն շահերը, չափահաս մարդկանց և երեխաների իրավունքների մրցակցության պարագայում ո՞ւմ իրավունքներն են նախընտրելի:
– Ստամբուլյան կոնվենցիան, այնուամենայնիվ, կարևոր դրույթներ է բովանդակում կանանց և ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ: Այդ մասով խնդիր տեսնո՞ւմ եք:
– Հազիվ թե գտնվի մեկը, որ դեմ լինի ընտանիքում և կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, սակայն խնդիրը բացարձակապես դա չէ, այս անառարկելի արժեքները սոսկ խայծ են՝ վերը նշված խիստ անընդունելի և ապագա սերնդի համար վտանգավոր արժեհամակարգը ներդնելու նկատառումով: Վերջին հաշվով, ինչպես դուք նկատեցիք, արդեն իսկ օրենսդրությամբ ընդունվել և գործում են բռնության կանխարգելման կառուցակարգային և ընթացակարգային դրույթներ, ուստի ի՞նչ նպատակ է հետապնդում այդ համակարգը նոր երանգներով հարստացնելը:
Մյուս կողմից՝ ներդրված ինստիտուտները բռնության դեմ պայքարը բնավ առավել արդյունավետ չեն դարձրել, բռնության ցանկացած դրսևորում միշտ էլ իր համարժեք արտացոլումն է ունեցել և ունի քրեական օրենսդրությունում, և որևէ մեկը դրանց ուժը կորցրած չի ճանաչել ու չի կասեցրել, թող բարի լինեին՝ հետևողականություն դրսևորեին իրենց աշխատանքում: Ինչ վերաբերում է երեխաներին ու բռնության զոհերին մեկուսացնելու երևույթին, ապա այդչափ բարդ ու ծախսատար համակարգ ներդնելու փոխարեն՝ առավել շահեկան կլիներ նույն այդ միջոցներով լուծել ընտանիքում բռնության առաջնահերթ սոցիալական խնդիրները: Մյուս կողմից՝ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ այս համակարգը բազում պաշտոնյաների ու գործընթացին ներգրավված գործարարների համար լայն չարաշահումների հնարավորություններ է բացել: Բոլորին են հայտնի Իտալիայում և Բելգիայում աղմկահարույց բացահայտումները, երբ երեխաներին մեկուսացնելու անվան տակ աննախադեպ ոճրագործություններ էին կատարվել: Ունե՞նք երաշխիք, որ այդպիսիք չեն տեղ չեն գտնի հայրենական իրավակիրառ պրակտիկայում: