Բաժիններ՝

«Որոշ հասցեներում ունենք բնակիչներ, ովքեր թմրամոլ են, ոգելից խմիչքներ օգտագործողներ, և գիտենք, որ կարող ենք հանդիպել լուրջ խնդիրների». Թագուհի Ստեփանյանը՝ բժիշկներին ծեծելու դեպքերի մասին

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում արձանագրված կանչերի թիվը:

Նրա փոխանցմամբ՝ հունվարից մինչև հունիսի 30-ը Երևանի շտապօգնության ծառայությունը կատարել է 130545 կանչ, որը, 2018թ. այս նույն ժամանակահատվածի հետ եթե համեմատենք, 7761 կանչով ավելի շատ է: Առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին: Ծառայությունը կատարել է 25585 կանչ: Շտապօգնության կանչերը հիմնականում սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների, ինչպես նաև՝ վնասվածքների հետ են կապված:

Անդրադարձավ նաև քաղաքացիների կողմից շտապօգնության աշխատակիցներին ցուցաբերվող վերաբերմունքին՝ ծեծկռտուք, անվայել պահվածք:

«Շատ հաճախ, երբ բարեկամները, հարազատները հավաքված են լինում, իրենց համար յուրաքանչյուր վայրկյան շատ երկար է տևում, բայց մենք հիմնականում տեղավորվում են մեր ժամանակի մեջ: Չափորոշիչով հիվանդին հասնելը 3-15 րոպե է, հիվանդի տանը մնալը՝ 20-30 րոպե, և այդ ընթացքում որոշում են՝ տեղափոխե՞լ հիվանդին հիվանդանոց, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, նման վերաբերմունքի մեր բժիշկներն արժանանում են ոչ միայն այն դեպքում, երբ հիվանդը մահանում է: Լինում է, որ հենց օգնություն ցուցաբերելիս կամ հիվանդանոց տեղափոխելիս են այդպես վարվում: Դա ավելի շատ մեր մշակույթի խնդիրն է: Միշտ պետք է հիշել, որ այն բժիշկը, ով հասնում է՝ օգնելու հիվանդին, արժանի է հարգանքի»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

168.am-ի հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նման դեպքերից խուսափելու համար արդեն բժիշկների հետ նաև ոստիկան է գնալու ահազանգի հետևից, «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը պատասխանեց.

«Մենք որոշ հասցեներում ունենք բնակիչներ, ովքեր թմրամոլ են, ոգելից խմիչքներ օգտագործողներ, և գիտենք, որ կարող ենք հանդիպել լուրջ խնդիրների, ու նախապես գիտենք, որ այդ հասցե ենք գնում, համագործակցում ենք ոստիկանության հետ ու նրանց ուղեկցությամբ ենք մտնում նման հիվանդների մոտ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս