
Զախարովան վրացական հեռուստաալիքով Պուտինի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ Սահակաշվիլու հետքն է տեսնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին «Ռուսթավի-2»-ով անպարկեշտ հայհոյանք հնչեցնելու մեջ մեղավոր է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում:
«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախընտրական քարոզարշավ է սկսել: Այն չէր էլ դադարել: Բայց հիմա սկսվել է «վերջին մարտի» փուլը: Բոլոր ձևերով նա կձգտի իշխանության՝ կոշտ, ցինիկ, ցանկացած գնով: Նույնիսկ հասարակության ընդհանուր պառակտման գնով: Ռուսթավի -2-ը իր քաղաքականության գործիքն է: (…) Կարծում եմ, որ տեղեկատվական քարոզչության հիմնական թեման, ինչպես Ուկրաինայում էր, կլինի Պուտինի հետ հեռակա միակողմանի հռետորաբանությունը»,- գրել է դիվանագետը:
Նա նաև հավելել է, որ «հզոր ժողովուրդը, հզոր ավանդույթները, հզոր մշակույթը դարձել են քաղաքական անգործունյաների զոհը», և ինքը հավատում է Վրաստանի վերածնունդին։