«Պատճառաբանում են, որ գործի նյութերը Վերաքննիչում են, դեռ չեն ստացել և այդ պատճառով էլ չեն սկսում գործի քննությունը». Հովհաննես Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունիսի 27-ին Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առ այսօր այդ միջնորդությունը դեռևս քննության չի առնվել, թեպետ պետք է անհապաղ քննության առնվեր։
«Պատճառաբանում են, որ գործի նյութերը Վերաքննիչում են, դեռ չեն ստացել և այդ պատճառով էլ չեն սկսում գործի քննությունը։ Հարցն այն է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի պահել ամբողջ գործը։ Երկու դրվագով է միայն իր կայացրած որոշումը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ իրենք, այնուամենայնիվ, գործի ողջ նյութերը տրամադրել են առաջին ատյանի դատարանին, խնդրել, որ տեխնիկական խոչընդոտներին տուրք չտան, ու ամեն դեպքում իրավունքի գերակայություն լինի, սակայն, միևնույն է, ոչ մի շարժ դեռ չկա։
Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամը նշեց նաև, որ իրենց համար անսպասելի չէր Վերաքննիչի այս գործելակերպը։
«Հաշվի առնելով այն, որ մենք տեսել ենք, թե Վերաքննիչ դատարանի դատավորն ինչ վարքագիծ դրսևորեց դատավարության ընթացքում, սա մեզ համար սպասելի էր»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։