«Կարդում ես Փաշինյանի ելույթը Սինգապուրում ու քեզ թվում է, թե Հայաստան աշխարհը վեր է ածվել դրախտի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա

Կարդում ես Փաշինյանի ելույթը Սինգապուրում ու քեզ թվում է, թե Հայաստան աշխարհը վեր է ածվել դրախտի:

Էլ օրենքի գերակայություն, էլ ազնվություն, էլ մերիտոկրատիա, էլ քաղաքական պրագմատիզմ, էլ տնտեսական լայն հնարավորություններ:

Այ ընկեր ջան, իշխանության փառքը էդքան արագ ձեզ ստիպեց իրականությունից կտրվե՞լ:
Ի՞նչ մերիտոկրատիա, գոնե գիտե՞ք մերիտոկրատիան ինչ է: Պատգամավորական մանդատ ունենալու հիմնական գրավականը ձեզ հետ քայլած լինելն էր: Մերիտոկրատիա՝ բառացի թարգմանվում է արժանավորների իշխանություն:

Ձեր իշխանությունը մերիտոկրատիա չի, ձեր իշխանությունը քայլակրատիա է կամ կալիգուլակրատիա:

Ով փաստարկված քննադատում է, կա՛մ ներքին թշնամի է համարվում, կա՛մ՝ դավադիր:
Կարևորը ձեզ հետ քայլած լինեն, ինչ պրոֆեսիոնալ հատկություն ունեն, հեչ էական չէ:

Պրագմատի՞զմ:

Անհարմար է, գոնե լռեք: Կախարդական փայտիկով թռիչքային զարգացում ու ներդրում խոստացողն ու չանողը ո՞ր օրվա պրագմատիկն է:

Ազնվությունից և դեմոկրատիայից ե՞ք խոսում, դրանց հետ որևէ կապ չունեն սև և սպիտակի բաժանումը, թշնամանքի և ատելության քարոզը, ասֆալտին փռելն ու դատարաններ շրջափակելը:

Հ.Գ.
Հիշեցի էն հին պատմությունը՝ դե գյուղից մարդ չկա, ինչ ուզում ես պատմի»:

Տեսանյութեր

Լրահոս